երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քաղաքապետին ստեղից էնտեղ գնա ասողների ժամանակը պրծել է. Փաշինյանը՝ շեյխերի ու Մարությանի հանդիպման մասին

Քաղաքապետին ստեղից էնտեղ գնա ասողների ժամանակը պրծել է. Փաշինյանը՝ շեյխերի ու Մարությանի հանդիպման մասին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արաբ շեյխերի և քաղաքապետի հանդիպմանը՝ ասելով. «Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ էին, որովհետեւ եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրելու, որ նա զանգի ինձ ու խնդրի, որ ես Երեւանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի»:

Ըստ վարչապետի՝ եթե նրանք իսկապես շեյխի ներկայացուցիչ էին, կարող էին դեսպանատան միջոցով դիմել իրենց: Նա ասաց. «Այո, Գագիկ Ծառուկյանը  զանգել է ինձ եւ ասել է, որ խոշոր ներդրողներ են, ես Երեւանի քաղաքապետին զանգել եմ, եւ նա կիրակի օրով ընդունել է: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանն ինձ ասել է, որ շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչ են: Երեւանի քաղաքապետը արարողակարգային կարգով, հաշվի առնելով նաեւ իմ զանգը, ընդունել է՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ:

Նախ, շատ տարօրինակ է եղել, որ այդ մակարդակի մարդիկ Երեւանի քաղաքապետի հետ գալիս են ընդունելության ջինսերով, բոթասներով եւ մայկաներով: Սա, կարծում եմ, վերաբերմունք է պետական ինստիտուտին»:

Փաշինյանն ասաց նաեւ, որ նրանք ասել են՝ Երեւանի կենտրոնում հող ենք ուզում բիզնես դնելու համար. «Երեւանի քաղաքապետարանն ասել է, որ ցավոք, ձեր նշած տարածքներում հող Երեւանի քաղաքապետարանի տիրապետության տակ չկա: մասնավորը գուցե ունենա, պետք է գնել:

Հընթացս, երեք հյուրերն էլ, պարզվել է, հեռախոս են ունեցել մոտները եւ զանգ են ստացել: Երբ քաղաքապետը նրանց ներկայացնելիս է եղել այդ հնարավորությունները, սկզբից մեկն է սկսել հեռախոսով խոսել: Քաղաքապետը ստիպված է եղել ընդհատել խոսքը, սպասել, հետո երկրորդի հեռախոսին է զանգ եկել: Բայց երբ որ երրորդին էլ է զանգ եկել, քաղաքապետն ասել է, որ ենթադրում է, որ այդ խոսակցությունն այլեւս հետաքրքիր չէ իրենց»:

  • Կիսվել: