«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Տավուշի մարզում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Տավուշի մարզում։
Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղում քաղաքացիների հետ հանդիպմանը նշել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության համայնքներում առնվազն 100 կոմբինացված խաղահրապարակներ կառուցել, որոնք հարմարեցված կլինեն բասկետբոլի և ֆուտբոլի համար։
«Մենք պլանավորում ենք նաև համայնքներում 100 երաժշտական դպրոցներ, սպորտի դպրոցներ և արվեստի դպրոցներ կառուցել, որովհետև նոր հանրապետության համար, նոր որակի կրթությունը շատ կարևոր է»,-ասել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նոր որակի տնտեսության կարևորագույն բաղադրիչը բաց ճանապարհներն են։
«Հինգ տարի մեզ մեղադրում էին, որ մենք միջանցք ենք տալու, իսկ ես դեռ 2020 թվականին եմ ասել, որ նման բան չի կարող լինել։ Դեռ 2021 թվականին մենք սեղանի վրա դրած ենք եղել այն փաստաթուղթը, որը նախաստորագրել ենք Միացյալ Նահանգների հետ։ Մայիսի 28-ին ԱՄՆ նախագահ Թրամփը իր գրառման մեջ լավ խոսքեր էր ասել իմ մասին, ինչի համար շնորհակալ եմ, բայց շատ կարևոր է նրա ստրատեգիական տեսլականը, թե TRIPP նախագիծը ինչ է իրենից ներկայացնելու»,-նշել է ՔՊ վարչության նախագահը, հավելելով, որ այն ահռելի մասշտաբի ծրագիր է, որը ահռելի եկամուտներ է բերելու Հայաստանին՝ այդ թվում էներգակիրների մասով։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այսօր Հայաստանը իր տնտեսության զարգացման ամենամեծ փուլն է մտնում և 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Սյունիքի մարզում անշարժ գույքի գները 30 տոկոսով աճել են։
«Այսօր Մեղրիում կառուցվում է Հայաստանի պատմության մեջ ամենաերկար կամուրջը՝ 720 մետր, կառուցվում է Ագարակ-Քաջարան հատվածը, կառուցվում Իրան-Հայաստան սահմանային անցման նոր կետը»,-ասել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արևելքն ու արևմուտքը կապող ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի տարածքով ՝ավելի կոնկրետ Տավուշի մարզով, Լոռու մարզով և Շիրակի մարզով։
«Հիմա մենք աշխատում ենք, որպեսզի կոնկրետացնենք, թե որ գիծն է ավելի կարճ։ Հյուսիսով կառուցվելու է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզով ավտոճանապարհ, կամ եղած ավտոճանապարհները բեռնատարների համար բացվելու են վճարովի սկզբունքով։ Եվ միայն այս փաստի բերումով Հայաստանում տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվելու, ինչպես նաև նոր տնտեսական հնարավորություններ են բացվելու»,-նշել է նա։


