կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին

ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչաետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-4-ը մասնակցել է Բելառուսի Հանրապետությունում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Իր խոսքում Մհեր Գրիգորյանը նշել է. ԵԱՏՄ-ի տնտեսական ցուցանիշներն աճում են, սակայն ընդհանուր շուկաներ ձևավորելու համար, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, անհրաժեշտ են որակական փոփոխություններ առևտրի բնույթի մեջ։

ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնը ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն է: Ապավինում ենք գործընկերների կառուցվածքային մոտեցմանը, որը թույլ կտա հարթել առկա մի շարք տարակարծությունները և առաջընթաց արձանագրել եվրասիական տարածքում ինտեգրման հայեցակարգում ամրագրված առանցքային սկզբունքների իրականացմանն ուղղված գործնական քայլերի շրջանակում»:

Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական ցուցանիշներով, սակայն, հիմնական նպատակին՝ ընդհանուր շուկայի ձևավորմանը հասնելու խնդիրը կախված է ոչ այնքան անդամ երկրների փոխադարձ առևտրի ծավալների ցուցանիշներից, որքան դրա որակական բնութագրերից:

ԵԱՏՄ այլ հրատապ խնդիրներից ՀՀ փոխվարչապետն առանձնացրել է տրանսպորտային միջանցքների, ինչպես նաև միավորման շրջանակներում տարբեր նախագծերին աջակցելու ֆինանսական մեխանիզմների զարգացման, պարենային անվտանգության ապահովմանը միտված ուղիների կատարելագործման անհրաժեշտությունը:

«Առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման, սննդամթերքի հասանելիության անխափան ապահովման և խոչընդոտների, այդ թվում՝ տրանսպորտային և լոգիստիկ, վերացման նպատակով անհրաժեշտ ենք համարում այդ հարցի վերաբերյալ (խմբ. պարենային անվտանգության ապահովման) մշակել համապարփակ մոտեցումներ»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

  • Կիսվել: