ՊՆ-ի հաղորդագրություններն ընդունեք ի գիտություն. փոխնախարարը՝ Ջերմուկում զինծառայողի հետ կապված միջադեպի մասին
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է՝ ՊՆ-ն երբեք հանդես չի եկել այնպիսի հաղորդագրությամբ, որը չի համապատասխանում իրականությանը։
«Հետևեք պաշտոնական լրահոսին»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե, իբր, Ջերմուկի զորամասում զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել։
Սարգսյանը կոչ արեց զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, չճշտված փաստեր հրապարակելուց։
Նա այդպես էլ չարձագանձեց՝ ի վերջո, զինծառայողն առողջական խնդիրներ ունե՞ր, թե՞ ոչ, միայն կոչ արեց ՊՆ-ի հաղորդագրություններն ընդունել ի գիտություն։
Հիշեցնենք՝ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտարարել էր, թե ահազանգ է ստացել, որ 19-ամյա զինվորին Ջերմուկի զորամասում դաժան ծեծի են ենթարկել և, որ զինվորն ուներ հոգեկան առողության հետ կապված խնդիրներ։
ՊՆ-ն հայտարարություն տարածեց՝ շեշտելով՝ զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:
Ըստ ՊՆ-ի՝ զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով, ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։
Նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։



