ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Պետք է հասկանանք՝ քարտեզի վրա նկարած անկլավներն իրավական հիմք ունե՞ն. Փաշինյան

Պետք է հասկանանք՝ քարտեզի վրա նկարած անկլավներն իրավական հիմք ունե՞ն. Փաշինյան

Այսօր լրագրողների ու ՀԿ–ների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ խորհրդային տարիների անկլավների վերադարձի մասին վերջին շրջանում շատ քննարկվող հարցին։Նա նշեց, որ Ադրբեջանն այդ հարցը բարձրացրել է ու անգամ 2020թ–ի նոյեմբերի 9-ին փորձ է արել այդ հարցը ևս քննարկման առարկա դարձնել։

«Այստեղ մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք պետք է հասկանանք` քարտեզի վրա որ անկլավներ նկարած է, դա ի վերջո ի՞նչ իրավական հիմք ունի, դա իրավական հիմք ունի, թե՞ չունի։ Թե դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է, և երկու, ասենք, կոլխոզների որոշում, որ այս կոլխոզն իր տարածքից նվիրում է իր եղբայրական Ադրբեջանին և այլն»,–ասաց Փաշինյանը։

Նա նաև ասաց, որ  այդ բոլոր հարցերն ի վերջո քննարկման առարկա են դառնալու դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացում։

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը դեմ չէ քննարկմանը` հասկանալու համար դրանց իրավական հիմքի առկայությունը։

«Մենք գիտենք, թե Արծվաշենն ինչ կարգավիճակում է։ Մենք գիտենք նաև , որ աշխարհում կան նման նախադեպեր, երբ անկլավները մնացել են այն երկրների սահմաններում, որով պարփակված են, այո, այդպիսի սկզբունք կա։ Բայց դրանից առաջ մենք պետք է իրավական հիմքերը հասկանանք»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանում այդ հարցը, իրավական հիմքերով հանդերձ քննարկվել է, Հայաստանն ունի իր մոտեցումը, բայց չի ցանկանում որևէ քաղաքական ճնշման ներքո իր համար կարևոր խաղաքարտերը բացել»,– ասաց նա։

  • Կիսվել: