երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պետք է ձեզնից ստանանք թավշե մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը. Փաշինյանը` Աբովյանում

Պետք է ձեզնից ստանանք թավշե մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը. Փաշինյանը` Աբովյանում

Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ իրենց ուժն առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքացիներից կստանա «թավշյա մանդատը պողպատե մանդատով» փոխարինելու լիազորություն՝ ուղղելու երկրի ողնաշարը: 

«Ես մեր թիմի ներկայացուցիչներին հետևյալն էի ասում՝ հիմա մեր պատասխանատվությունն ավելի մեծ է, քան 2018-ին, որովհետև 2018-ին, այնուամենայնիվ, ուրիշ իրավիճակ էր: Ըստ էության՝ ամբողջ Հայաստանը մեր դիրքորոշումը պաշտպանում էր, բայց այսօր մեր կողքին կանգնած ամեն մարդու դիրքորոշում մեզ համար տասնապատիկ ավելի մեծ պարտավորություն է»,-ասաց Փաշինյանը:
 

Նա հավելեց, որ այս պահից սկսած չունեն ոչ մի իրավունք՝ որևէ հարցում ընդհանրապես սխալվելու: Փաշինյանն իրենց թիմի համակիրներին շնորհակալություն հայտնեց վստահության համար և հորդորեց ոչ մի վայրկյան չկասկածել՝ իր խոսքերի, հուզումների մեջ ոչ մի կեղծիք չկա:

«Ես ձեզնից յուրաքանչյուրիդ սիրում, հարգում և գնահատում եմ՝ ինչպես իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի: Ես ձեզնից յուրաքանչյուրի առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի առաջ: Ես մեր յուրաքանչյուր նահատակի առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ որդու առաջ….»,-ասաց նա:

Փաշինյանը միևնույն ժամանակ հասկանում է, որ այդ պարտավորությունները կատարելը հեշտ չէ, միայն սիրով, միայն ցանկությամբ դա հնարավոր չէ իրագործել:
 
«Մեզնից պահանջվում են գերմարդկային ջանքեր ու ընդունակություններ: Եվ մենք այսօր եկել ենք ասելու, որ մենք այդ ջանքերը գործադրելու ենք: Որտեղի՞ց մեզ գերմարդկային ուժ, ձեզնից: Այսօրվա դահլիճը, նախորդ օրվա դահլիճը, դուք, մեզ տալիս եք ուժ»,-ասաց Փաշինյանը:
 

Նա հավելեց, որ այդ հանդիպումները հիմա ավելի շատ պետք են ոչ թե քաղաքացիներին, այլ իրենց, որպեսզի ստանան մանդատը, ուժը, էներգիան:

«Պետք է ձեզնից ստանանք թավշե մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը և պողպատե մանդատով ուղղենք մեր երկրի ողնաշարը»,-նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: