Պետական դավաճանի հետ կարող ենք քննարկել միայն նրա ինքնակամ հանձնվելը ՀՀ իրավապահ մարմիններին. Ղազինյան
«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը այսօր Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նույն խմբակցության անդամ, դաշնակցական Արմեն Ռուստամյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին «խոսելու» առաջարկ անելուց և վերջինիս կողմից դրան համաձայնելուց հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պետական դավաճանի հետ կարող ենք քննարկել միայն մեկ հարց. նրա ինքնակամ հանձնվելը ՀՀ իրավապահ մարմիններին և ԱԱԾ մեկուսարան տեղափոխվելը:
Դա բխում է առաջին հերթին իր շահերից, քանի որ գտնվելով ԱԱԾ մեկուսարանում պետությունը կերաշխավորի նրա ֆիզիկական անվտանգությունը:
Իսկ զրույց նրա հետ կունենան պրոֆեսիոնալ քննիչները . . .»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Փաշինյանն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին հրավիրեց հանդիպման՝ քննարկելու սահմանազատման հարցը:
Նշենք նաև, որ ՛՛Հայաստան՛՛ խմբակցությունը դրանից հետո հայտարարություն տարածեց՝ նշելով. ՛՛Չենք հրաժարվել իշխանություններին հեռացնելու նպատակից եւ միայն այդ օրակարգով կարող է լինել քննարկում վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնողի հետ՛՛:


