ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պատգամավորները ներկայացրել են նախաձեռնություն՝ ուղղված հակակոռուպցիոն գործերի պատշաճ քննության ապահովմանը

Պատգամավորները ներկայացրել են նախաձեռնություն՝ ուղղված հակակոռուպցիոն գործերի պատշաճ քննության ապահովմանը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Ալխաս Ղազարյանը լրացումներ և փոփոխություններ են առաջարկել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում:

Հակակոռուպցիոն գործերի մասնագիտացված և պատշաճ քննությունն ապահովելու և համապատասխան ատյանների ստեղծման գործընթացն արագացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել, որ Հակակոռուպցիոն դատարանը սկսում է գործել կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ հինգ դատավորների նշանակման պահից, իսկ վերաքննիչ դատարաններում նման գործեր քննող դատավորները պաշտոնավարումը սկսում են երեքական առանձին դատավորներ նշանակվելու պահից:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հարցն առաջին ընթերցմամբ ներկայացնելիս ընդգծել է, որ խնդիրը վերաբերում է անցումային դրույթներում փոփոխությունների իրականացմանը:

«Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում հստակ արձանագրված է, որ գործադիրն իր իրավասությունների շրջանակում շարունակելու է իրականացնել անհրաժեշտ քայլերը՝ ուղղված Հակակոռուպցիոն դատարանի կայացմանը»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանի գործունեության շնորհիվ կբարձրանա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և գործերի քննության արդյունավետությունը: Այս համատեքստում փոխնախարարը ողջունել է նախաձեռնությունը՝ ուղղված հակակոռուպցիոն դատարանների ամբողջական շղթայի գործարկմանը:

Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է խորհրդարանի հավանությանը:

  • Կիսվել: