Պատերազմում զոհվածների մայրերի արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքները տարեցտարի բարելավում են. Նունե Փաշայան
Պատերազմում զոհվածների մայրերի արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքները տարեցտարի բարելավում են, որովհետև ավելանում է ֆինանսավորումը և բուժհաստատությունները կարողանում են ավելի շատ շահառուներ սպասարկել: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:
Ամփոփելով 2022-ին արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքները՝ Փաշայանը նշել է 6 ամսվա ընթացքում ծնվել է 44 երեխա և այդ նույն ընթացքում արձանագրվել է 104 նոր հղիություն։ Այս դինամիկան ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը դրական է գնահատում։
«Եթե նախորդ տարվա ընթացքում սպասարկվել են 917 շահառու, ապա այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արդեն 577 շահառու է սպասարկվել: Գնալով շատանում են շահառուները, և բնականաբար, բարելավում է նաև արդյունքները»,- նշեց Նունե Փաշայանը՝ հավելելով, որ շահառու դառնալու համար ծրագրի բաղադրիչներից են անպտուղ զույգերի պատճառագիտության ախտորոշումը, որն իր մեջ կարող է ներառել նաև մի շարք վիրահատական միջամտություններ:
«Երբեմն հենց այդ վիրահատություններից հետո է արձանագրվում հղիությունը: Մյուս բաղադրիչը արհեստական սերմնավորումն է, արտամարմնային բեղնավորումը և ներպատվաստումն արգանդի խոռոչում»,- նշել է նա՝ արձահագրելով, որ ծրագրով նախատեսված է արտամարմնային բեղմնավորման երկու փորձ: Առաջին փորձն իրականացվում է ամբողջությամբ անվճար, իսկ երկրորդ փորձը կատարվում է 50 տոկոս զեղչով։
Եթե անձը ճանաչվել է շահառու, ապա բոլոր ծախսերն իրականացվում են պետական պատվերի հաշվին՝ հետազոտությունը, բեղմնավորումը, ներպատվաստումը արգանդի խոռոչում և այլն:
Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք՝ տարբերություն չկա՝ ամուսինն է, թե կինը (եթե հաշմանդամությունը չի խոչընդոտում կնոջ հղիության կրելուն), մյուս խումբը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են, զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձինք, և ամենամեծ խումբը 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն են:
«2022 թվականին ավելացվեցին նաև դատական կարգով անհայտ կորած ճանաչվածները և 44-օրյայից հետո թշնամու հետ շփման գծում զոհված հերոսների ծնողները: Կարող ենք ասել, որ հավասարապես բոլոր խմբերից դիմում են, բայց զոհված հերոսների ծնողների դիմելիությունը գնալով շատանում է, որովհետև մարդիկ արդեն համոզվում են, որ արդյունք կա: Արդյունքները մենք տեսնում ենք և մենք շատ հաճախ բարի լուր ենք լսում հերոսների ընտանիքներում ծնված փոքրիկների մասին»,- ընդգծեց Փաշայանը:
Ըստ նրա՝ վիճակագրությունը սկսել են ամփոփել այս տարվա սկզբից, որովհետև պրոցեսը բավականին երկարատև է և տևում է միջինում 1-1,5 տարի.
«Երեկվա դրությամբ ամփոփել ենք թվերը. հերոսների ընտանիքներում ունենք ծնված 20 բալիկ, և միայն առաջին կիսամյակում՝ 31 նոր գրանցած հղիություն է արձանագրվել շահառուների այս խմբում»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:


