ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պատերազմի ընթացքում կոպտագույն սխալները հանգեցրին պարտության, և դրանցից մեկը եղել է «Լելե Թեփեի» ուղղությամբ կոնտր-հարվածները․ Յուրի Խաչատուրով

Պատերազմի ընթացքում կոպտագույն սխալները հանգեցրին պարտության, և դրանցից մեկը եղել է «Լելե Թեփեի» ուղղությամբ կոնտր-հարվածները․ Յուրի Խաչատուրով

Անգամ այս 3 տարիների ընթացքում կազմաքանդվող բանակը կարող էր հաղթանակ տանել, իսկ վատագույն դեպքում պատերազմը կարող էինք կանգնեցնել Հայաստանի սահմաններից բավականաչափ հեռու, ոչ թե Սև լճի տարածքում։ Այս մասին այսօր Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

«Ըստ իշխանությունների` այս պատերազմը անհնար էր հաղթել, բայց պետք է ասեմ, որ կոպիտ սխալների շարքը հանգեցրեց պարտության և ամենամեծ սխալը եղել է ՊՆ ԶՈՒ-ի ոչ լիարժեք մարտական պատրաստվածությունը, եթե բանակը լիներ լիարժեք պատրաստված և ճիշտ մարտական դիրքերում, ոչ թե կոնտր-հարվածներ հասցներ «Լելե Թեփեի» ուղղությամբ, որը անհրաժեշտ չէր, անգամ այս վիճակում գտնվող բանակը կարող էր հաղթանակ տանել»,-  ասաց Յուրի Խաչատուրովը, գրում է Tert.am-ը։

Նա նաև նշեց, որ մարդկանց ուզում են վախեցնել, ասելով, որ կգա նոր իշխանություն, և կսկսվի պատերազմ։

«Պետք է ասեմ, որ եթե չլիներ այս իշխանությունը, որը երկիրը հասցրեց պատերազմի, պատերազմ առհասարակ չէր լինի։ Ուզում եմ նշել, որ ես որևէ դաշինքում չկամ, բայց կողմ եմ բոլոր նրանց, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին»,-նշեց նա։

Գեներալ-գնդապետը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։ 

«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, որը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին, բայց մենք գիտենք նրա հակումը քաղցրավենիքի նկատմամբ՝ ելակներ, կոնֆետներ, և նա բանակի մասին խոսելիս ուրիշ ոչինչ չի կարողանում ասել»,- ընդգծեց գեներալ-գնդապետ Խաչատուրովը։

Նա նաև նշեց, որ Արցախյան 1-ին պատերազմի ընթացքում բանակի կարգավիճակը եղել է շատ ավելի ծանր, բայց հետպատերազմյան փուլում ամեն բան հնարավոր է եղել վերականգնել։

«1994 թվականի պատերազմից հետո բանակում ոչինչ չի եղել, ոչ մի կահավորում, և ռազմական կահավորումը եղել է հետպատերազմյան շրջանում, և այդ կահավորումը հերիքել է անգամ մինչև այս պատերազմը»,- ասաց Յուրի Խաչատուրովը։

  • Կիսվել: