չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը. Գրիգորյան

Պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը. Գրիգորյան

Պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք հանդես չի եկել պատերազմը դադարեցնելու առաջարկով: Այս մասին CivilNet-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը խոսեց ռազմական իրավիճակի մասին եւ խոսեց մի քանի թեմաների շուրջ: Օրինակ՝ խոսեց F-16-երի թեմայով եւ F-16-երի խնդիրների մասին, խոսեց Թուրքիայից Ադրբեջանին «Բայրաքթար» ԱԹՍ-ներ մատակարարելու մասին, խոսեց հայկական կողմից «Սմերչ» համակարգերի հաջող օգտագործման մասին, խոսեց Ջաբրայիլում շատ փոքր հաջողությունների մասին:

Նա նաեւ ասաց, որ ռազմաճակատում ռազմական իրավիճակի որեւէ փոփոխություն չկա, եւ բանակը կշարունակի կատարել իր առջեւ դրված խնդիրները:

Այսինքն՝ պատերազմի ընթացքի մասին զեկույցը ոչ մի կերպ չի համապատասխանում այն ասվածին, որ չորրորդ օրը պատերազմը դադարեցնելու առաջարկներ են եղել: Չի արտահայտվել ոչ մի միտք, որը երկիմաստ նշանակություն ունենար, օրինակ՝ այն մասին, որ պատերազմը պետք է դադարեցվի:

Խոսակցություններն այն մասին, որ պատերազմը պետք է դադարեցվի ռեսուրսների անբավարարւթյան պատճառով, եղել են Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստում: Ասվեց, որ մենք ունենք 2-3 օր, որից հետո պատերազմը տեւեց եւս 20 օր՛՛:

Գրիգորյանը, խոսելով այն մասին, թե ինչու է հենց հիմա որոշել հայտարարել այս ամենը, ասաց. ՛՛Դա կապված է քաղաքական հարթությունում այս հարցի վերաբերյալ շատ շահարկումների հետ: Բացարձակապես բոլոր քաղաքական ուժերը շահարկումներ են անում՛՛:

Նշենք, որ Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը կոչ է արել միջոցներ ձեռնարկել եւ դադարեցնել պատերազմը:

 

  • Կիսվել: