Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են ՀՀ երկարաժամկետ ուղեկիցներ, պատերազմ չի լինելու:
Այս մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առիթով իր ուղերձում:
«Դեպի Հայաստանի Հանրապետության հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ: Նախորդող շրջանում մենք ունեցել ենք անուրանալի հաջողություններ»,–ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի» նախագիծը համաձայնեցված է, համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են: Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար:
Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն: Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա: Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն:
Նա ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի և Չինաստանի հետ: Միացյալ Նահանգների հետ հաստատել է ռազմավարական գործընկերություն: Հնդկաստանի հետ Հայաստանի գործակցությունը խորանում է: Ֆրանսիայի և Եվրամիության հետ հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա:
«Հանրապետությունն ու ժողովրդավարությունն իրողություն են: Բալանասավորված և բալանասավորման արտաքին քաղաքականությունն իրողություն է: Ինքնիշխանությունն ու անկախությունը իրողություն են: Պետությունը իրողություն է: Եվ մենք պետք է գնահատենք ու փայփայենք այս ձեռքբերումները: Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան: Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն: ՀՀ ուղեկիցը պետականակենտրոն ինքնագիտակցությունն է, աշխարհի գիտելիքահեն իմացությունը, զարգացումն ու ժողովրդավարությունը: Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են ՀՀ երկարաժամկետ ուղեկիցներ: Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,–շեշտեց Փաշինյանը: