հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պաշտպանության բանակն ամբողջությամբ անցում կկատարի պայմանագրային զինծառայության. ՔՊ-ն հրապարակել է նախընտրական ծրագիրը

Պաշտպանության բանակն ամբողջությամբ անցում կկատարի պայմանագրային զինծառայության. ՔՊ-ն հրապարակել է նախընտրական ծրագիրը

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը․

«Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման գործոններն են.

Հայոց արդիականացվող բանակը

Մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը:

Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կիրականացնեն Սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով:

Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը: Պաշտպանության բանակն ամբողջությամբ անցում կկատարի պայմանագրային զինծառայության: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում և Լաչինի միջանցքում Արցախի անվտանգության կարևորագույն երաշխիք է:

Հայ-ռուսական ռազմավարական դաշինքը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա հագեցվում են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները: Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի շրջաններում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր, Սյունիքի մարզի մի շարք հատվածներում Հայաստանի պետական սահմանի պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները:

Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին

Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին և շարունակելու է աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի էլ ավելի կատարելագործման ուղղությամբ, ինչը լավագույնս կարտացոլի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները:

Տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը

Տարածաշրջանային կայունության հաստատումը և տարածաշրջանի ապաշրջափակումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է, և, հետևաբար, պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին, այլ հակառակը, պետք է նպաստի դրանց ամրապնդմանը:

Տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված մեր արտաքին քաղաքական ջանքերը, մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում, կարող են բերել ինչպես Հայաստանի անվտանգային համակարգի հավելյալ երաշխիքների, այնպես էլ Հայաստանի տարածաշրջանային դերակատարության բարձրացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական հզորությունների ավելացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորմանը: Այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններից բխող քայլերի ամբողջական և անվերապահ իրագործումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հակամարտության լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը:

Բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը

Մեզ համար արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից է աշխարհի բոլոր տարածաշրջաններում գտնվող պետությունների և կազմակերպությունների հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում ևս մեր հիմնական գործընկերների հետ փոխշահավետ և բովանդակային փոխգործակցությունը կարևոր բաղադրիչ է Հայաստանի անվտանգային ճարտարապետության մեջ»,-նշված է ծրագրում։

Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։

  • Կիսվել: