Փաշինյանը հերքել է «Ուժեղ Հայաստան»-ի պնդումները 300 հազար ադրբեջանցիների մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից շրջանառվող պնդումները, թե «Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով գործող իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ են գալու Հայաստանում ապրելու»։
Նիկոլ Փաշինյանը, որը նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար գտնվում է արձակուրդում, այդ մասին ասել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը (խմբ. նկատի ունի «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը) հիմա էլ նոր սուտ է հորինել, թե ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի և Փաշինյանի վարչապետ վերընտրվելու դեպքում 300000 ադրբեջանցիներ վերադառնալու են Հայաստան։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մեր օրակարգում և ընդհանրապես մեր միջազգային օրակարգում նման հարց երբեք չի եղել։ Այդ մարդիկ այսօր միլիոնավոր դոլարներ են ծախսում, որ այդ օրակարգը ստեղծեն և ներմուծեն Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանք։ Այսպես գործում են միայն օտարերկրյա լրտեսները»,- ասել է Փաշինյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ինչպես նաև դաշինքի այլ ներկայացուցիչներ պարբերաբար պնդումներ են անում, թե «Հայաստանի գործող իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ են գալու Հայաստանում ապրելու»։ Չնայած իշխող ուժի տարբեր ներկայացուցիչների կողմից այդ պնդումները հերքելու հանգամանքին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքն այդ թեզը դարձրել է իր նախընտրական քարոզչության հիմնական ուղղություններից մեկը։


