Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին
Մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ, այո, և Ռուսաստանին, և ՀԱՊԿ-ին դիմել ենք: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ-ն գրավոր դիմե՞լ է ՀԱՊԿ-ին:
Լրագրողը կոնկրետացրեց հարցը՝ ենթադրում է՝ խոսքը նոյեմբերի 16-ի իրադարձությունների մասին է, Փաշինյանն էլ արձագանքեց. ՛՛Գիտեք, նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12 -ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում՛՛:
Նա ասաց, թե շարունակում են քննարկումները ու գտնում են, որ Ադրբեջանի պահվածքին պետք է միջազգային գնահատական տրվի:
՛՛Մենք այս առումով մեզ չենք սահմանափակելու, Հայաստանը հետևողականորեն իր իրավունքները պաշտպանելու է բոլոր հնարավոր ատյաններում՛՛,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը. ՛՛ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ ու հարթակ է՛՛:
Ըստ նրա՝ պետք է աշխատեն, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում:
Վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ երկրներից մի քանիսը վերջերս Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թուրքական աշխարհի հռչակագիր են ստորագրել ու սա իրողություն է, որը չի կարող համատեքստի վրա չազդել:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է ու ինքը Ռուսաստանի հետ գործընկերությունն անգնահատելի է համարում: