Բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն. ՀՀ վարչապետ
Բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, և, բնականաբար, կանխվել է նաև պլանի իրագործումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 26-ի նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առավոտյան հարցը քննարկել եմ նաև ՀՀ նախագահի հետ և կարծում եմ, որ իմաստ կունենա ԱԱԾ-ի, Դատախազության, Քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի, Ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման և պետական պարգևի:
Կարծում եմ՝ շատ բան չկա ասելու թեմայի հետ կապված, որովհետև ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել, և ես այս պահին չունեմ որևէ այլ բան ասելու՝ բացի հրապարակվածից:
Համոզված եմ՝ արդյունավետ քննություն տեղի կունենա, և հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։