հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները։

Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները»,-նշված է հաղորդագրությունում։։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում է արձակուրդում։

Նիստի արդյունքներով՝ Միության անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն էին ընդունել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։

Ի պատասխան այս հայտարարության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակում մինչև այն պահը, երբ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը դառնա անխուսափելի։

 

  • Կիսվել: