ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Փաշինյանի հայտարարությունները խեղաթյուրում են իրականությունը». Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար

«Փաշինյանի հայտարարությունները խեղաթյուրում են իրականությունը». Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար

«Փաշինյանի հայտարարությունները և՛ «խաղաղության համաձայնագրի» նախագծի, և՛ ընդհանրապես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Նա անընդունելի է անվանել Հայաստանի պաշտոնյաների կոչը՝ ստորագրել «խաղաղության համաձայնագրի» նախագիծ՝ չհամաձայնեցված դրույթների վերացումով։

«Անկախ նրանից, թե ինչ ձևով է հայկական կողմը մտադիր ստորագրել «խաղաղության համաձայնագիրը», հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային հավակնությունների» դադարեցումն է, որոնք ամրագրված են նրա բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում և առաջին հերթին՝ Սահմանադրությամբ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի սահմանադրական ակտում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների իբր առկայության մասին պնդումներին, ապա մեկ անգամ ևս նշենք, որ Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռ և հավասարություն հաստատելու փորձը ոչ մի արդյունք չի տա»,-ասել է նա և ընդգծել,  թե Ադրբեջանի Սահմանադրության մեջ իբր Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան:

Հաջիզադեի խոսքով՝ 1918 թվականի Ադբեջանի անկախության հռչակագրում և 1991 թվականի Անկախության մասին Ադրբեջանի սահմանադրական ակտում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։

Նա, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովում ունեցած ելույթին, հավելել է. «Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, թե ինչ պարտավորություններ է կրում Հայաստանը, և ինչպես է կազմակերպվելու վերահսկողությունը տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ: Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի շրջանակներում, ապա մենք ցանկանում ենք հիշեցնել, որ վարչապետի ներկայացրած երկիրը կոպտորեն խախտել է այդ պարտավորությունը և «օկուպացրել» Ադրբեջանի տարածքները»:

  • Կիսվել: