հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Պետք է այնպիսի միջավայրի ստեղծում, որ կարգը չկատարողն իրեն զգա որպես «իզգոյ»․ Փաշինյան

Պետք է այնպիսի միջավայրի ստեղծում, որ կարգը չկատարողն իրեն զգա որպես «իզգոյ»․ Փաշինյան

Սա պատմական պահ է ու պատմական առաքելություն, որը կարող է պատմականորեն լինել կործանարար ու պատմականորեն լինել հզորացնող: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր իրականության մեջ կարգը միշտ հաստատվել է մեր կամքին հակառակ, մենք մեր պատմության մեջ երբեք կարգ չենք հաստատել մեր կամքով, կարգը երբեք չի եղել մեր կամքի արտահայտությունը: Սա է մեր այսօրվա իրավիճակի հոգեբանական պատճառը: Սակայն սա նաև հնարավորություն է, մենք հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ ունենք հնարավորություն ստեղծել կարգ մեր կամքով, քաղաքացու կամքով, ոչ թե բռնութամբ, այլ քաղաքացու կամքով»,-ասաց նա:

Վարչապետը ևս մեկ անգամ կարգ հաստատելու կոչ արեց․

«Սա նշանակում է երկու բան՝ ամեն մեկն ինքը կատարում է կարգից բխող պայմանները, ինքն իր վարքագծով կարգ է պահում ու ուրիշից էլ պահանջում է նույն բանը:

Խնդրում է, պահանջում է, պարտադրում է, այնպիսի միջավայր է ստեղծում, որ կարգը չկատարելը լինի ամոթի պես մի բան, որ կարգը կատարողն իրեն զգա որպես «իզգոյ», օտարված՝ դրանով մոտիվացիա ունենա վերադառնալ հանրային համակեցության տրամաբանության մեջ, դառնալ հանրության կարգի մի անբաժանելի հատվածը։

Կարգը պետք է բխի մեր կամքից, այդ կարգը մեր ազատությունը սահմանափակելու համար չէ, այն մեր ազատությունը պաշտպանելու համար է, այն մեր իրավունքները պաշտպանելու համար է, այն մեր երազանքները պաշտպանելու համար է:

Մենք այսօր ՀՀ-ում կորոնոավիրուսի առիթով, բայց ընդհանրապես մեր պետականության գոյության համար մեր գենետիկ հիշողության մեջ պետք  է ներդնենք դա, որ մենք մեր կամքով պետք է կարգ հաստատենք, ոչ թե դա անենք բռնությամբ:

Ես հավատում եմ, որ նման բան կարող է տեղի ունենալ, քանի որ ինչքան մարդ կա, որ չի պահպանում հակահամաճարակային կանոնները, գրեթե նույնքան մարդ կա, որ պաշտպանում է:

Այս մարդկանց գոյությունը թույլ չի տալիս, որ ես հուսահատվեմ, թույլ է տալիս համոզված լինել, որ այս հարցը կլուծենք, ուղղակի պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ, պետք է հասկանանք մեր վարքագծի բոլոր հոգեբանական շերտերը»։

 
 

 

  • Կիսվել: