Օրվա իշխանությունը վախեցավ թուրքական կողմի զայրույթից, լսումների համար չտրամադրեցին դահլիճը․ Մանուկյան
ԱԺ նիստերի դահլիճը չի տրամադրվել հայ-թուրքական հարաբերությունների թեմայով լսումների համար, ուստի այն տեղի կունենա Ազատության հրապարակում։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այսօր Ազգային Ժողովի նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ պետք է կայանային Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ Հրավիրված էին մի քանի տասնյակ գիտնականներ, քաղաքագետներ, քաղաքական եւ հանրային գործիչներ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք հերթական անգամ խախտելով Սահմանադրությունն ու օրենքները, ներկա իշխանությունները մինչև ապրիլի 24-ը հրաժարվում են Ազգային ժողովում նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն:
Թերևս, օրվա իշխանությունը վախեցավ թուրքական կողմի զայրույթից։
Լսումները ամեն դեպքում առաջիկա օրերին կայանալու են։ Սակայն, մինչ այդ, այսօր Ազատության հրապարկում ժամը 16։00-ին հանրային քննարկում է տեղի ունենալու նույն թեմայով։
Մասնակցելու են «Հայաստան» խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը, Էլինար Վարդանյանը, Արամ Վարդևանյանը, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը»,- ֆեյսբուքում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։