հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Որտե՞ղ են վատնել Հայաստանի իշխանությունները 8 միլիարդ դոլարը. Քոչարյան

Որտե՞ղ են վատնել Հայաստանի իշխանությունները 8 միլիարդ դոլարը. Քոչարյան

Երևանը կառուցապատման նման տեմպերի և ենթակառուցվածքների բացակայության պայմաններում շատ շուտով կդառնա մի վայր, որտեղ ապրելն անհնար կլինի: Այս մասին այսօր Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հոգ տանեին համակարգված գործողությունների մասին։ «Թող լինի շինարարություն, բայց դրան զուգահեռ պետք է կառուցել ճանապարհներ, կամուրջներ, մետրո։ Այլապես Երևանը կյանքի համար անհնարին վայր կդառնա։ Հիմա մեծահարուստները ձգտում են ապրել կենտրոնում, 5 տարի հետո ամեն ինչ կանեն, որ կենտրոնում չապրեն։ Այլ երկրներն ունեն նման փորձ, մի՞թե պետք է երկու անգամ նույն գետը մտնել։ Ոչ մի տրանսպորտային հանգույց չեն կառուցել։ Պետք է շատ ուզենալ ոչինչ չանել, որպեսզի այսպես ստացվի։ Փոխարենը՝ հիանալի տուգանում են, բարձրացնում են հարկերը»,-ասել է Քոչարյանը՝ հեգնանքով առաջարկելով հարկ սահմանել պարգևավճարների համար:

«Ու՞ր է գնացել 8 միլիարդ դոլարը: Պետք է առանձնահատուկ տաղանդ ունենալ, որպեսզի վատնես նման միջոցները՝ ոչինչ չանելով։ Մենք կառուցում էինք՝ գրեթե պարտք չվերցնելով։ Վերականգնեցինք աղետի գոտին՝ առանց պարտքերի մեջ մտնելու»,-նշել է նա և հավելել, որ հետագայում իշխանությունները որպես «փրկության» միջոց կմատնանշեն «Արևմտյան Ադրբեջան» նախագծի իրականացումը։

  • Կիսվել: