ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են ՀՀ-ին «վզկապ հագցնելու» և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար․ Փաշինյան

Որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են ՀՀ-ին «վզկապ հագցնելու» և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար․ Փաշինյան

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել, որոշ պետություններ այդ հարցը օգտագործել են Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ պետության գործողությունները կաշկանդելու և հետագայում այդ անկախությունը բացառելու համար։  

 Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում ունեցած ելույթում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։

«Առիթ ունեցել եմ ասելու, որ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց այն իմաստով, որ Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակությունը դե-յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունն այլևս պատրաստ է եղել ու անփոփոխելի արձանագրումով, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում։ Ահա այս արձանագրումից խուսափելու անորոշ ու սին հույսեր տալով՝ որոշ պետություններ Ղարաբաղի հարցը օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը «վզկապ  հագցնելու» և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար։ Այն բանակցային հնարավորությունները, որ 2016 թվականից ի վեր առկա էին, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծման, այլ Հայաստանի Հանրապետությանը հագցրած «վզկապը» կարճացնելու մասին էին, որ Հայաստանի՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը, առանց այն էլ կաշկանդված գործողությունները բացառվեն։ Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե ավելի կաշկանդվեն, այլ բացառվեն, որովհետև կաշկանդումը տեղի էր ունեցել վաղուց՝ 1996, 1998 թվականներին»,-ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չգնացին այդ ճանապարհով, և բոլորին հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշում կայացվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով։

«Հարց ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության հարցը, որովհետև, ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց լուծվել էր և մնում էր լուծել Հայաստանի Հանրապետության հարցը, մասնավորապես՝ երկրի ներսում քաղաքացիական բախումների և ռազմական հեղաշրջումների ճանապարհով։ Այս սցենարն, ի դեպ, գործարկելի էր նաև  44-օրյա պատերազմից առաջ և այն գործարկելու փորձ արվեց 44-օրյա պատերազմի ավարտին և դրանից հետո, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության ուղերձների ժողովրդական ընկալումը, այդ ուղերձների վրա հիմնված ժողովրդական զգոնությունը և պետականության գիտակցությունը կասեցրին դավադիր քայլերը, իսկ մեր զինվորները կյանքի գնով պահեցին և պահպանեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետականությունը»,- եզրափակեց Փաշինյանը։

  • Կիսվել: