Որևէ մեկը չփորձի միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ` կպառկեցնենք ասֆալտին, կտանք պատերով. Փաշինյան
Եթե մարդիկ, այդ թվում` քաղաքական գործիչներ, այդ թվում` պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են` այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ` հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ` կպառկեցնենք ասֆալտին: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով քրեական ենթամշակույթների վերաբերյալ օրինագծին:
«Հանկարծ մտքներով չանցնի… կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով` բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի` նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարող է թպրտալ: Կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին: Թող ականջներին օղ անեն»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության կողմից հեղինակած` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան տալու, վերցնելու կամ պահպանելու, կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու համար: