Որևէ խաղաղության համաձայնագիր երկրներին և ժողովուրդներին միանգամից բարեկամ չի դարձնում. Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով Հայաստանը և Ադրբեջանը կարող են շարունակել քննարկումները հարաբերությունների կարգավորման շուրջ:
ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում այս մասին վստահեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ընդհանրապես որևէ խաղաղության համաձայնագիր, պատմությունից ինձ այդպես է հայտնի, միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից կախարդական փայտիկով երկու երկրներին և ժողովուրդներին բարեկամներ չի դարձնում, համագործակից չի դարձնում: Իհարկե, լինում են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ զգայուն, գերզգայուն, որոնք հետո պետք է քննարկվեն, կարգավորվեն: Եվ խաղաղության համաձայնագրի մեր համաձայնեցված, ստորագրման պատրաստ տեքստն այս առումով բացառություն չէ»,–ասաց Միրզոյանը:
Նախարարը կարևորեց, որ համաձայնագրի տեքստում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք Հայաստանը և Ադրբեջանը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող են օգտագործել՝ խնդիրները լուծելու և հարաբերությունները վերջնական կարգավորելու համար:
«Համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով մենք կարող ենք շարունակել քննարկումները դեպի հարաբերությունների կարգավորում»,–նշեց ԱԳ նախարարը: