կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Որևէ առաջարկ չի եղել Ծառուկյանի կողմից նշած անձանցից. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Որևէ առաջարկ չի եղել Ծառուկյանի կողմից նշած անձանցից. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Դատարկ խոսքեր շաղ տալ պետք չի, պետք է բերել նախագծեր և սկսել իրագործել այդ նախագծերը. քաղաքապետարանը որևէ առաջարկ չի ստացել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից նշած անձանցից կամ կազմակերպություններից: Այս մասին Primenews.am-ին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Կարապետյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ Աբու Դաբիի թագաժառանգն ու ԱՄէ հյուրանոցային ցանցի սեփականատերը քաղաքապետի հետ հանդիպումից դուրս են եկել հիասթափված և սառեցրել են ներդրումները, նշեց, որ անկախ նրանից թե այցելուն կամ քաղաքապետարանի հետ որևէ ծրագիր սկսելու մտադրություն հայտնած անձը ինչ տիտղոսներ կամ ծագումնաբանություն ունի, քաղաքապետարանը վերաբերում է նույն կերպ և նույն մոտեցումն է ցուցաբերում բոլոր դեպքերում՝ եթե ներդրումային առաջարկ անող անձի նպատակները համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը և Երևան քաղաքի զարգացման տեսլականներին:

«Քաղաքապետը բոլոր ներդրողների հետ բարյացակամ է, նրանց ներկայացվում է քաղաքի զարգացման առաջնահերթությունները, տեսլականը և առաջարկ է արվում գալ և մասնակցել քաղաքի զարգացմանը՝ իրենց ներդրումներով և իրենց ծրագրերով», - նշել է Կարապետյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հավելեց, որ հանդիպման մանրամասներից տեղյակ չէ և գործնական առաջարկ Ծառուկյանի նշած անձանց կողմից չի եղել:

Նշենք, որ Ծառուկյանը այսօր հայտարարել էր, որ իր գործընկերներին հրավիրել է Հայաստան։ Նրանք ցանկացել են Երևանում անվճար հիվանդանոց և հյուրանոցներ հիմնել, բայց հիասթափել են։

«Հրավիրել եմ իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը: Այդ միլիարդատեր մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: Հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկանում էր Երևանի կենտրոնում երկու հյուրանոց կառուցել, որպեսզի զբոսաշրջությունը զարգանար։ Իսկ թագաժառանգն ուզում էր Երևանում հիվանդանոց կառուցել իր հոր անունով, որպեսզի կարիքավորներն անվճար օգտվեին այդ հիվանդանոցից։ Նրանք  հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

  • Կիսվել: