կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան

Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան

Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի ունեցած զարգացումները հետևանք են Ադրբեջանի անպատասխանատու և ագրեսիվ վարքագծի, «Ազատության» հետ զրույցում ասել է Բելգիայում ՀՀ դեսպան, Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։

«Եթե նայենք պատմական տեսանկյունից, կարող եմ ասել, որ օղակն Ադրբեջանի շուրջ կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է։ Թե ինչքան ռեսուրս նրանք կունենան դիմադրելու, չեմ կարող ասել», - նշել է դեսպանը։

«Ազատություն». - Բրյուսելից ամենաբարձր մակարդակով զգուշացրեցին Ադրբեջանին, որ տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ անընդունելի են, և ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը խիստ կամ ծանր հետևանքներ կունենան։ Պարո՛ն դեսպան, կարո՞ղ ենք ասել, որ Եվրամիությունը լուրջ մտահոգություններ ունի Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, այսինքն՝ ԵՄ-ն լուրջ սպառնալիք է տեսնում։

Տիգրան Բալայան. - Այս հայտարարությունները Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անվտանգությանը սատարելու վերաբերյալ նոր չեն։ Եթե հիշում եք, Արցախի էթնիկ զտման վերջին փուլի մեկնարկից հետո՝ սեպտեմբերի 21-ին, ՄԱԽ ԱԽ-ում տեղի ունեցավ նիստ, որին ելույթ ունեցան ոչ միայն պարոն Բորելը, այլև ԵՄ հիմնադիր անդամ Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, այնտեղ ևս զգուշացումներ ու դատապարտումներ հնչեցին, բայց դա պարոն Ալիևին և իր ռեժիմի ներկայացուցիչներին հեռու չպահեց նոր տարածքային նկրտումներ հնչեցնելուց, կոնսոլիդացնելու էթնիկ զտումը կազմակերպված իր և իր դաշնակիցների հետ։ Եվ պարոն Բորելի վերջին հայտարարությունն այդ հայտարարությունների շարքում հարկավոր է դիտարկել։

Այստեղ ես կկապեի նաև ԵԽԽՎ-ում տեղի ունեցած զարգացումները, որոնք փաստացի հետևանք են Ադրբեջանի, մեղմ անվանենք, անպատասխանատու և ագրեսիվ վարքագծի։ Այսինքն՝ պարոն Ալիևն իրեն ցանկանում է պահել որպես ամենաարյունարբու բռնապետ, դաժան բռնապետ, ինչ ուզի անի թե երկրի ներսում, թե երկրից դուրս իր հարևանների հետ, նաև գիտեք, որ բազմաթիվ փաստեր կան, որ Ադրբեջանի կառավարության պատվերով վարձու մարդասպաններ փորձել են հաշվեհարդարներ տեսնել արտերկրում, այդ թվում՝ Եվրոպայում ապրող ադրբեջանցի ընդդիմադիրների հետ, բայց ընդունվել որպես առնվազն ժողովրդավարական երկրի ներկայացուցիչ և այլն։

Այս ամենը հարկավոր է դիտարկել հենց այդ կոնտեքստում։ Եթե նայենք պատմական տեսանկյունից, կարող եմ ասել, որ օղակն Ադրբեջանի շուրջ կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է։ Թե ինչքան ռեսուրս նրանք կունենան դիմադրելու, չեմ կարող ասել։

Ես կարծում եմ, որ արդեն եվրոպական մեր գործընկերների մոտ այն պատրանքները, որ Ալիևին անձնապես և ռեժիմին հնարավոր է բերել կառուցողական դաշտ «բարի կամքի» միջոցով կամ քայլերով, որոնք կարող են ցույց տալ Ադրբեջանին այն դրական արդյունքները, որոնք կարող են արձանագրվել, այդ պատրանքները արդեն եթե ոչ ամբողջությամբ, ապա կամաց-կամաց ցրվում են, և պարոն Բորելի հայտարարությունը հենց այս ամենի ապացույց է, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ Եվրամիությունում հունիսին ընտրություններ են, ձևավորվելու է նոր հանձնաժողով, խորհրդարան, ԱՄՆ-ում ընտրություններ են։

Եվ հաշվարկն, ըստ իս, բավականին հստակ է Բաքվում, որ իրենք փորձելու են հնարավորինս հետաձգեն և նվազեցնեն ճնշումը՝ առաջընթաց ապահովելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում։

  • Կիսվել: