երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում. Փաշինյան

Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում. Փաշինյան

Նախորդ տարվա իրադարձությունները տարածաշրջանում ստեղծել են նոր իրականություն. հարկ է նշել, որ ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում: Այս մասին ասաց  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ հանդիպման ընթացքում։

«Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ընդգծել էմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել և ոչ պաշտոնական աղբյուրներից սկսած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանում, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն նաև տալիս սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները․

 

«Նախագահ Միշելի հետ մեր բանակցություններում որպես առաջնային գերակայություն կարեւորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց առանց նախապայմանների եւ անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի եւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ: Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպրոտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում:Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլեւ ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար»:

  • Կիսվել: