կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Ո՛ր նախագծերն ընդունեց ԱԺ-ն և ո՛րը մերժեց

Ո՛ր նախագծերն ընդունեց ԱԺ-ն և ո՛րը մերժեց

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց այսօրվա արտահերթ նիստում քննարկված բոլոր նախագծերը: 

Մասնավորապես, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց Կառավարության ներկայացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագիծը: 

Ըստ նախագծի՝ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին: Մինչև 100 հազար աշխատավարձի դեպքում դրոշմանշային վճարի չափը լինելու է 1500 դրամ: 100 հազարից մինչև 200 հազար դրամի դեպքում 3000 դրամ, 200 հազարից մինչև 500 հազար դրամը՝ 5500 դրամ, 500.001 դրամից մինչև 1 միլիոնը՝ 8500 դրամ, 1 միլիոն մեկ դրամը գերազանցելու դեպքում՝ 15 հազար դրամ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է կրճատել անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները, եթե դրանք պայմանավորված են եղել ռազմական գործողություններով: 

Ինչ վերաբերում է  «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, ապա այն ընդունվեց առաջին ընթերցմամբ և միաձայն: Նախագծով առաջարկվում է մեկ տարով հետաձգել որոշ դրույթների կիրառումը: 

Նշենք նաև, որ առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նախագիծը վերաբերում է պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո քաղաքացիների՝ հայրենիքին տրամադրած տարաբնույթ օգնությունը մաքսավճարներից և հարկային վճարներից ազատելուն: 

Բացի այդ՝ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղի վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հաջորդ տարվանից Երևանի 10 վարչական շրջաններում հանել կարմիր գծերը:  

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 

Նշենք, որ միայն մեկ նախագիծ չընդունվեց՝ Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագծով առաջարկվում է ցեմենտի և կլինկերի ներմուծման համար 1 տոննայի դիմաց պետական տուրքը սահմանել 14 հազար դրամ: 

  • Կիսվել: