ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այնքան էլ լավը չէ, առաջարկել եմ հանդիպումը տեղափոխել նոյեմբերի 15. Փաշինյան

Նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այնքան էլ լավը չէ, առաջարկել եմ հանդիպումը տեղափոխել նոյեմբերի 15. Փաշինյան

Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ օնլայն հանդիպում անցկացնելու, սակայն Փաշինյանն առաջարկել է այն տեղափոխել նոյեմբերի 15։ Այս մասին այսօր ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե եղե՞լ է արդյոք Պուտին–Փաշինյան–Ալիև օնլայն հանդիպման նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 9-17-ի միջակայքում և եթե այո, ապա ո՞վ է հրաժարվել։

Փաշինյանի խոսքով` եղել է նման գաղափար, և ինքն ասել է, որ այդ գաղափարը մեզ համար քննարկելի և խնդրահարույց է։

«Ես ասել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար, ծանր և դառը օր է մեզ համար, սակայն եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել կոնկրետ արդյունքի շուրջ, օրինակ, լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել օնլայն համաժողովին։ Սակայն երբ պարզվել է, որ նման համաձայնության գալ չենք կարող` տեսակետները տարբեր են, ես պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այնքան էլ լավը չէ, առաջարկել եմ հանդիպումը տեղափոխել նոյեմբերի 15»,–ասաց նա։

Վարչապետի խոսքով` նոյեմբերի 15-ից առաջ եղել է առաջարկ այդ հանդիպումը տեղափոխել նոյեմբերի 26-ին, ինչին էլ ինքը համաձայնել է։ Դրանից հետո էլ առաջացել է գաղափար առցանցի փոխարեն առերես հանդիպում կազմակերպել, ինչին էլ երեք կողմերը համաձայնել են։
Փաշինյանը հիշեցրեց, որ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ էլ ասել է, որ ՀՀ–ն պատրաստ է բանակցել և լուծումներ գտնել. «Երբեմն սիմվոլիկ ձևերով Ադրբեջանը փորձ է անում ՀՀ–ի նկատմամբ ագրեսիվ հարկադրանքի քաղաքականություն իրականացնել։ Սակայն մենք, որքան էլ խոցելի վիճակում ենք, չենք պատրաստվում տրվել այդ քաղաքականությանը։ Ո՞վ է ասել, որ նոյեմբերի 9-ին պետք է լինի քննարկում և ՀՀ–ն վազի»:

  • Կիսվել: