ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր գոտու ավելացումը մոտ 30 տոկոսով պետք է ավելացնի Վերին Լարսի թողունակությունը. Վահան Քերոբյան

Նոր գոտու ավելացումը մոտ 30 տոկոսով պետք է ավելացնի Վերին Լարսի թողունակությունը. Վահան Քերոբյան

Հունիսի 20-ին ՌԴ կառավարությունն արդեն որոշում է ընդունել Վերին Լարսի անցակետի մոտակայքում մաքսազերծման երկրորդ զոնա բացելու մասին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Լարսի անցակետի հերթերին։

Ըստ նրա՝ այդ նոր գոտու ավելացումը մոտ 30 տոկոսով պետք է ավելացնի թողունակությունը։ Եթե այսօր օրական 400-450 մեքենա է հատում անցակետը, հետագայում դա կդառնա 650-700։

«Մենք մեր վրացի գործընկերներին խնդրել ենք, որպեսզի թարմ մթերքի հետ մեկտեղ ծաղիկները և թարմ ձուկը ևս մտցնեն արագ փչացող մթերքի կատեգորիայի մեջ, որ կարողանան առանց հերթի անցնել Վրաստանի տարածքով և հնարավորիս արագ մոտենալ անցակետին։ Բազմաթիվ տնտեսվարողներ վնասներ են կրում, դա տեսնում ենք և աշխատում ենք իրենց հետ։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և պետք է գնահատենք ժամանակի մեջ։ Եթե տնտեսվարողները մի պահի վնաս են կրել, բայց տարվա ընթացքում հնարավորություն ունեն վերականգնել իրենց վնասները և շահույթով աշխատել, ապա մենք դա համարելու ենք ընդամենը բիզնես ռիսկ։ Իսկ եթե տեսնենք, որ խնդիրը խորն է, ապա օժանդակության ծրագիր կլինի։ Այս պահին մենք փորձում ենք հնարավորինս արագ շտկել իրավիճակը, և մեզ համար իրավիճակը շտկելը դա Վրաստանում հերթերի բացակայությունն ապահովելն է։ Մեզ համար խնդրի վերջնական լուծումը Վրաստանում բեռնատարների հերթերի բացակայությունն է»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: