ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանը շարունակում է տեր ման գալ, ոչինչ չի փոխվել. Հայկ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է տեր ման գալ, ոչինչ չի փոխվել. Հայկ Մամիջանյան

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում Եվրոպական խորհրդարանում և իշխող դիրք ունի, բանաձևով ճանաչել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ու իր նկատմամբ իրականացվող գործողությունները ունեն քաղաքական դրդապատճառ. Նույնը արել է նաև Կենտրոնամետ դեմոկրատների միությունը և մի շարք միջազգային ներկայացուցիչներ, անհատներ, կառույցներ: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա նկատեց, որ ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությունը եւս քաղաքական հետապնդում է. «Այդ քաղաքական հետապնդումը տևում է յոթ տարուց ավել՝ Տարոն Մարգարյանի և Հանրապետականի գործադիր մարմնի, խորհրդի և շարքային կուսակցականների նկատմամբ: Այլ կուսակցությունների ներկայացուցիչներ և քաղակտիվիստներ նույնպես ենթարկվում են քաղաքական հալածանքների:

Մանրամասնորեն պարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված շինծու այդ բեմականացման հետ կապված, վաղը քննարկումից անմիջապես հետո ևս մեկ ճեպազրույցով կանդրադառնամ»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ նախագահի հայտարարությանը, թե 2018-ին հենց Սերժ Սարգսյանն է կապիտուլացվել հայ ժողովրդին, Մամիջանյանն ասաց. «Սերժ Սարգսյանը ասել է, թե ում է պարտվել։ Շատ ավելի հզոր այլ երկրների այլ շահեր հետապնդող ուժերի։ Լավ կլինի, որ պարոն Սիմոնյանը իրենց մարզիչներին, իրենց քաղաքական ուժը այլ երկրներում գտնվող տերերի վերաբերյալ, այդպես վստահաբար պնդումներ չանի: Մեկ էլ տեսար՝ կարող է պարզվի, որ իրականում իրենց քշողները, իրենց քաղաքական ուժը քշողները, արտերկրյա իրենց տերերը շատ ու շատ ուրիշ նպատակներ ունեն, որոնցից մի մասը արդեն իրականացել է, մի մասն էլ հիմա փորձում են իրականացնել»:

Դիտարկմանը, որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ ակտիվություն է նկատվում, իսկ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ որևէ բան չի փոխվում, «Պատիվ ունեմ»ժ-ի ղեկավարն ասաց. «Որեւէ բան չի փոխվում, Նիկոլ Փաշինյանը ունի արտաքին քաղաքական մեկ օրակարգ: Այն ուժը, կապ չունի, թե երկրագնդի վրա որ երկիրն է, այդ երկիրը Հայաստանին ոնց է վերաբերվում, այդ երկիրը Հայաստանի հետ ինչ է ուզում անել, այն միջազգային ուժը, որը կապահովի իր վերարտադրությունը, իր իշխանության մնալը, նրա հետ ինքը պատրաստ է մի այլ կարգի բարիդրացիական հարաբերություններ պահպանել։ Այնպես որ այո, ոչ մի բան չի փոխվել, Փաշինյանը շարունակում է տեր ման գալ։ Ինքը պատրաստ է իրեն տեր ճանաչել ցանկացածին, ով կապահովի իր վերարտադրությունը ու այստեղ աշխարհագրությունը, աշխարհաքաղաքականությունը բացարձակ կապ չունի»:

  • Կիսվել: