ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր էլ դեռ չի հասկացել Ղարաբաղի հարցը. Տեր-Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր էլ դեռ չի հասկացել Ղարաբաղի հարցը. Տեր-Պետրոսյան

Այսօր հրավիրած ասուլիսում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ հարցին, թե 2018 թվականին ինչ է խոսել Ղարաբաղի հարցում Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2018 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ասել էր․ «Հողերը արդեն պիտի տաս»։

«Դուք Նիկոլ Փաշինյանին պիտի հարցնեիք՝ ցույց տուր այդ ասածի ձայնագրությունը։ Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Երկրորդ, ես գնացել եմ նրան մի բան ասելու։ Ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը, անկախ այն բանից՝ Քոչարյանի օրոք, թե Սերժ Սարգսյանի օրոք, թե Նիկոլ Փաշինյանի։ Ես նրան ասել եմ հետևյալը՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել Ղարաբաղի հարցում այն ժառանգությունը, որը դու ստացել ես Սերժ Սարգսանից, փաստաթղթով։ Հարց է տալիս՝ ի՞նչ փաստաթուղթ։ Ասում եմ՝ հենց հիմա ես քեզ թելադրում եմ, նամակ ես գրում արտաքին գործերի նախարարին՝ պահանջում եմ երկու օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ։ Դա պետք է, որ դու ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել։ Դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա նշեց, որ այլ խոսակցություն չի եղել Նիկոլ Փաշինյանի հետ։

Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն Արցախի հարցում այն էր, որ Արցախը պետք է տալ Ադրբեջանին ու թեման համարել փակված։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը մինչև էսօր էլ դեռ չի հասկացել Ղարաբաղի հարցը»։

  • Կիսվել: