կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հաստատվել է փոխվարչապետների եռակողմ հանդիպման պայմանավորվածությամբ ձևավորվող հայկական կողմի հանձնաժողովի կազմը

Հաստատվել է փոխվարչապետների եռակողմ հանդիպման պայմանավորվածությամբ ձևավորվող հայկական կողմի հանձնաժողովի կազմը

Նիկոլ Փաշինյանը հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Համաձայն 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից ընդունված հայտարարության՝ փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով:

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հանձնաժողովի նախագահին՝ հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի արդյունքներով
Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել նիստի արձանագրությունները՝
հանձնաժողովի եզրակացություններով և առաջարկություններով:

4. Հաստատել հանձնաժողովի՝ երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված
փոխադրումների հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել հանձնաժողովի փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:

 

6. Սահմանել, որ, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահն աշխատանքային ենթախմբերի ղեկավարների առաջարկությունների հիման վրա դրանց աշխատանքներում ներգրավում է այլ շահագրգիռ մարմիններից համապատասխան փորձագետների (ներկայացուցիչների):

7. Հանձնաժողովի և աշխատանքային ենթախմբերի անդամներին՝ եռակողմ աշխատանքային խմբում քննարկվող հարցերի շուրջ մյուս կողմերի հետ բանակցային ընթացքն ապահովել բացառապես դիվանագիտական ուղիներով:

  • Կիսվել: