Նիդեռլանդների ԱԳ նախկին նախարարը կարևորում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրի իմպլեմենտացումը
Նիդեռլանդների արտաքին գործերի նախկին նախարար Կասպար Վելդկամպը Երևանի ու Ամստերդամի միջև հարաբերությունների զարգացման ու խորացման տեսանկյունից շատ կարևոր է համարում կողմերի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը․ նրա բնորոշմամբ՝ Նիդեռլանդներում քրտնաջան աշխատում են այդ փաստաթղթի իրագործման ուղղությամբ, և Երևանն ու Ամստերդամը պարզապես պետք է շարունակեն այդ հռչակագրի կետերի իմպլեմենտացիայի շուրջ։
Այս մասին Կասպար Վելդկամպը նշել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով 2025 թվականին Երևանի ու Ամստերդամի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրման կարևորությանն ու երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին։
Երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 12-ին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների այն ժամանակվա ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի կողմից։
«Մենք մոտ մեկ տարի առաջ ստորագրեցինք ռազմավարական գործընկերության հռչակագիրը Նիդեռլանդների և Հայաստանի միջև։ Մենք Նիդեռլանդներում քրտնաջան աշխատում ենք այն իրականացնելու, լրացնելու համար, և հետաքրքիր է տեսնել, որ Նիդեռլանդների նոր կառավարությունն իր կոալիցիոն համաձայնագրում հատուկ նշում է նաև Հայաստանի մասին՝ կապված նրա ժողովրդավարական զարգացման հետ։ Մենք տեսնում ենք, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը շարժվում է ժողովրդավարության ուղղությամբ, և դա շատ կարևոր է։ Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի և Նիդեռլանդների, այլև Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների համար»,-նշել է Վելդկամպը։

Նա կարծիք է հայտնել, որ ժողովրդավարության, օրենքի գերակայության և լավ կառավարման առաջխաղացումը ներկա աշխարհաքաղաքական համատեքստում շատ կարևոր է, և առանցքային է նաև իմանալ, թե ովքեր են այն ընկերները, որոնց հետ ընդհանուր արժեքներ ես կիսում։
Գնահատելով մայիսի 4-ին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման նշանակությունը Հայաստան-Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների ապագայի առումով Կասպար Վելդկամպը մատնանշել է, որ այդ հարցում Ամստերդամը իր միանշանակ աջակցությունն է հայտնել։
«Ինչպես ձեր վարչապետն ինձ մի անգամ ասաց, Հայաստանը ցանկանում է բարձրացնել իր հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Նիդեռլանդների կողմից լիակատար աջակցություն կա դրա համար: Կարծում եմ, որ դա կարևոր է նաև Հայաստանի կառավարության՝ երկրում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման օրակարգի ավելի լայն համատեքստում: Կարծում եմ՝ նաև շատ կարևոր է, որ Եվրոպան մեծ ուշադրություն է դարձրել Հայաստանին․ այն փաստը, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ այստեղ, այն փաստը, որ այս օրերին մենք առաջին անգամ ունենք Հայաստանի ու ԵՄ-ի միջև գագաթնաժողով, որ Ֆրանսիայի նախագահն այստեղ է պետական այցով, այս բոլորը պետք է հաշվի առնել»,-ընդգծել է Կասպար Վելդկամպը։
Խոսելով Հայաստան-Նիդեռլանդներ երկկողմ հարաբերությունների հեռանկարների մասին՝ Վելդկամպը նկատել է, որ այդ առումով լուրջ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են։
«Նիդեռլանդները դեսպանատուն բացեց Երևանում, ապա մենք տեսանք ռազմավարական գործընկերության մեկնարկը։ Կան բազմաթիվ հնարավորություններ, որտեղ մենք կարող ենք համագործակցել։ Բացի այս, Նիդեռլանդները՝ որպես ԵՄ հիմնադիր անդամ, որը գիտի ճանապարհները ԵՄ տեխնիկական գործընթացներում, կարող է օգնել Հայաստանին նաև այդ հարցում: Այժմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կա Եվրոպական ինտեգրման վարչություն, այսինքն՝ վարչություն, որը հատուկ ուղղված է ԵՄ աշխատանքներին, ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններին: Դա շատ օգտակար է, և մենք միշտ կարող ենք օգնել Հայաստանին գտնել ճանապարհը այս բարդ ինստիտուցիոնալ կառուցվածքում, որը Եվրամիությունն է»,-նշել է Կասպար Վելդկամպը:
Նրա դիտարկմամբ՝ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով պետք է պարզապես իրագործել Հայաստանի և Նիդեռլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը:
«Ես տեսնում եմ, որ դրան լիակատար աջակցություն կա նաև Նիդեռլանդներում»,-եզրափակել է Նիդեռլանդների ԱԳ նախկին նախարարը:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1250019


