չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նազելի Բաղդասարյանն՝ իր մարզպետ նշանակվելու մասին

Նազելի Բաղդասարյանն՝ իր մարզպետ նշանակվելու մասին

Ես գիտեմ, որ մարզպետները գալիս և գնում են, լրագրողները մնում են. ես լիահույս եմ, որ համագործակցությունը հետագայում արդյունավետ կլինի, պատրաստ եմ բաց, թափանցիկ աշխատանքի: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ հավաստիացնելով, թե մարզպետարանի դռները միշտ բաց կլինեն լրագրողների առջեւ:

Անդրադառնալով նրան, որ այս իշխանությունները Շիրակի մարզում 3 տարում 4 մարզպետ են փոխել, նորանշանակ մարզպետն ասաց. «Որոշ պաշտոնավարումների դադարեցումներ պայմանավորված են եղել օբյեկտիվ հանգամանքներով, որոշներն էլ՝ սուբյեկտիվ, բայց եթե չեմ սխալվում՝ մարզպետի պաշտոնը զբաղեցրած մեր նախորդող գործընկերները բոլորն էլ այս պահի դրությամբ պետական պաշտոններ զբաղեցնում են, երկուսը փոխնախարար, մեկը՝ համալսարանի ղեկավար։ Այսինքն՝ սա խզում չէ»:

Դիտարկմանը, թե Նազելի Բաղդասարյանին գործուղել են Շիրակի մարզ՝ համայնքների խոշորացման նպատակով նշանակված ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համար հաղթանակ ապահովելու, Նազելի Բաղդասարյանն ընդգծեց. «Ես չէի ուզենա այդ գործընթացները ուղիղ կապել: Այո՛, Գյումրու ՏԻՄ ընտրության արդյունքները եղել են ազդակ․ և մենք որոշակի որոշումներ փոփոխել ենք թիմի ներսում։ Եվ ես չեմ թաքցնում, որ այս կադրային փոփոխությունը կապված է դրա հետ, բայց ինչ վերաբերում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, եկեք ֆիքսենք, որ մարզպետը քաղաքական պաշտոն չէ, վարչական պաշտոն է, և ես շարունակելու եմ գործել և մնալ իմ լիազորությունների շրջանակում նախևառաջ իմ առաջ դնելով մեկ կարևոր հանգամանք՝ Շիրակի մարզի զարգացման ապահովում։

Բնականաբար, որպես քաղաքական թիմի անդամ ՝ ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենանք տարբեր համայնքներում հաղթանակ, բայց կարծում եմ՝ մեկ ամիս ժամկետը շատ քիչ է գործոն դառնալու համար: ՏԻՄ-ի հետ կապված աշխատանքներում կլինեն շտաբի պետեր , քարոզարշավի մեկնարկներ, տեղերում կաշխատեն։ Լիահույս եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը տարբեր համայնքներում կկարողանա հաղթանակ տանել»։

  • Կիսվել: