Բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում․ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սառա Մարտինսը։
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։
«Պորտուգալիան մեր իրականության և հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի, ինչը մեծապես պայմանավորված է նաև Գալուստ Գյուլբենկյանի թողած հարուստ ժառանգությամբ։ Շատ դեպքերում Պորտուգալիայում Հայաստանը ճանաչում են հենց նրա անունով»,- նշել է նախագահը։
Ընդգծելով Պորտուգալիայի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունների կարևորությունը՝ նախագահը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացման և նոր ուղղություններով ընդլայնման համար առկա է զգալի ներուժ։
«Անկախության ձեռքբերումից հետո մեր երկրների միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, և մենք պատրաստ ենք դրանք առավել զարգացնել ու խորացնել՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական և այլ ոլորտներում։
Մենք նաև սերտ համագործակցում ենք Հայաստան-Եվրոպական միություն ձևաչափում և բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության շարունակական զարգացման գործում»,- ասել է Հանրապետության նախագահը։
Իր հերթին դեսպան Սառա Մարտինսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալվել Հանրապետության նախագահի նստավայրում և ներկայացնել Պորտուգալիան Հայաստանում։
Դեսպանն ընդգծել է, որ իր առաջնային առաքելությունն է նպաստել երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու համագործակցության ընդլայնմանը։
«Թեև Հայաստանի և Պորտուգալիայի միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 34 տարի առաջ, մեր երկու ժողովուրդների միջև կապերը շատ ավելի խորն են և ունեն երկարամյա պատմություն»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ կգործադրի բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առավել ակտիվ զարգացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցության օրակարգին և դրա հետագա ընդլայնման հնարավորություններին։
Կարևորվել է երկրների միջև տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ առևտրաշրջանառության աճի, ներդրումային կապերի խթանման, գործարար շրջանակների միջև անմիջական շփումների ընդլայնման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, կրթության, գիտության, զբոսաշրջության և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման համատեքստում։
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների առաջմղման կարևորությունը՝ որպես կայուն զարգացման և միջազգային գործընկերության խորացման հիմնարար նախապայման։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Հանրապետության նախագահը նշել է, որ համաժողովի անցկացումը կարևոր հնարավորություն է միջազգային հանրության ջանքերը համախմբելու կենսաբազմազանության պահպանության, կլիմայական փոփոխությունների հետևանքների հաղթահարման և կայուն զարգացման օրակարգի առաջմղման շուրջ։ Ընդգծվել է, որ ժամանակակից գլոբալ մարտահրավերները պահանջում են պետությունների միջև առավել սերտ համագործակցություն, համերաշխություն և միասնական պատասխանատվություն։
Կողմերը կարևորել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացումը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպանի միջոցով իր հրավերն է փոխանցել Պորտուգալիայի Հանրապետության նախագահին՝ հարմար ժամանակահատվածում պաշտոնական այց կատարել Հայաստան։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև Հայաստանի և Պորտուգալիայի արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում։ Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու փոխգործակցությունը միջազգային իրավունքի, բազմակողմանիության և խաղաղության սկզբունքների վրա հիմնված միջազգային կարգի ամրապնդման ուղղությամբ։
Կողմերը բարձր են գնահատել նաև Հայաստան-Եվրոպական միության գործընկերության շրջանակում ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների, փոխադարձ վստահության և համատեղ նախաձեռնությունների վրա հիմնված երկխոսությունը կարևոր հիմք է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնցում Պորտուգալիան շարունակում է ունենալ իր նշանակալի ներդրումը։



