Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր ձևավորված իրողությունների պայմաններում. Կոպիրկին
Հայ-ռուսական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման և փոփոխվող իրողություններին հարմարվելու փուլին: Այս մասին Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա նշել է, որ ՌԴ-ն և Հայաստանը սերտ կապեր են պահպանում առաջնորդների մշտական շփումների, կառավարությունների, խորհրդարանների աշխատանքի, ինչպես նաև բազմաթիվ համատեղ համաձայնագրերի միջոցով:
«Ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան արտաքին քաղաքականության անվիճելի իրավունքը: Մենք ակնկալում ենք, որ Երևանի փոխգործակցությունը այլ գործընկերների հետ չի վնասի մեր երկկողմ կապերը և ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ»,– ասել է նա։
Դիվանագետը հիշեցրել է նաև համատեղ պատմական անցյալը, առաջին հերթին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիզմի դեմ տարած հաղթանակը։
«Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր ձևավորված իրողությունների պայմաններում, և դա պատրաստ է անել կառուցողական ոգով։ Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող համաշխարհային ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին։ Մոսկվան լիովին պատրաստ է կառուցողական և փոխշահավետ եղանակով այսպիսի համատեղ աշխատանքին՝ հիմնվելով առկա երկկողմ մեխանիզմների վրա»,-նշել է Կոպիրկինը:
Կոպիրկինը նաև հայտնել է, որ մինչև տարեվերջ Մոսկվայում ՀՀ հոգևոր մշակույթի օրեր կանցկացվեն, իսկ ՀՀ–ում` ՌԴ հոգևոր մշակույթի օրեր։



