Մնում էր Քենեդու սպանության և Շուշին հանձնելու մեջ էլ ինձ մեղադրեին․ Բագրատ Եսայան
Սա իսկապես հաղթանակ էր, որովհետև այն հիմքերը, որով նախաքննության մարմինը քրեական գործ հարուցելուց 20 ամիս անց կալանքի միջնորդությամբ մտել էր դատարան, ուղղակի ծիծաղելի էին։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ-ի տնօրեն Բագրատ Եսայանը, որին կալանավորելու միջնորդությունը դատարանն այսօր մերժել էր։
«Ի պատիվ դատավորի, ասեմ, որ նա կայացրեց արդարացի վճիռ, քանի որ այսօր մենք ականատես ենք բավականին անարդար որոշումների, վճիռների»,- ասաց նա։
Եսայանի համար անհասկանալի էր, թե ինչու ձերբակալումից անմիջապես 10 ժամ անց, քննիչը հապճեպ միջնորդություն ներկայացրեց դատարան։
«Դատավարությունը ընթանում էր մինչև գիշերը ժամը 4-ը։ Ընդհանրապես աբսուրդի ժանրից էր այն, ինչ ներկայացել էին դատարան, մնում էր միայն Քենեդու սպանության մեջ, Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին ու այդ հիմքով կայանքի միջնորդություն ներկայացնեին։ Այս քրեական գործը ընդամենը մեկ էպիզոտի վրա էր հիմնված։ Ապրիլ ամսից սկսած, երբ ակտիվացավ դիմադրության շարժումը և «Երկիր մեդիան», որի տնօրենն եմ ես, կտրուկ ակտիվացրեց իր աշխատանքները, միանգամից ակտիվացրին 18 ամիս քնած այս քրեական գործը»,- նշեց Բագրատ Եսայանը։
Նշենք, որ հունիսի 10-ին Բագրատ Եսայանը ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր.-ի 38-225 ֊րդ հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը` պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն) մասով և 164 ֊րդ հոդվածի 1-ին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով) մասով։