շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույց

Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույց

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույց: 

«Բարև ձեզ, հարգելի խորհրդարանականներ,

Ձեզ եմ ներկայացնում 2022թ. տարեկան զեկույցը: Եվ քանի որ հասկանալիորեն և՛ թեմաներն ու ենթաթեմաները, և՛ դրանց հետ կապված ձևակերպումները չափազանց էական, ձեր թույլտվությամբ ես կընթերցեմ զեկույցը: 

Եվ այսպես, 2022 թվականին ՀՀ արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, հարևան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման և ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման հետ կապված խնդիրները։ Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները բոլոր ուղղություններով՝ հարաբերությունների կարգավորում և համապատասխան պայմանագիր, սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթաց, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակում: 2022թ. ընթացքում նշյալ ուղղություններով տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ՀՀ վարչապետի մասնակցությամբ՝ եռակողմ և քառակողմ ձևաչափերով: Այս համատեքստում պետք է ընդգծել և´ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպումները, և´ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կազմակերպածը, և´ նաև քառակողմ հանդիպումը, որը տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Պրահայում՝ Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ: Նշյալ հանդիպման արդյունքում ընդունվեց Պրահայի հայտարարությունը, համաձայն որի Հայաստան գործուղվեց ԵՄ դիտորդական առաքելությունը՝ մոնիթորինգ անցկացնելու Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով, իսկ սահմանազատման գործընթացի իրականացման հիմքում դրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը:

Նախորդ տարի ՌԴ նախագահի միջնորդությամբ հանդիպում կայացավ նաև Սոչիում, որի շրջանակներում ընդունված հայտարարությունը նույնպես առանձնանշում էր Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես նաև բոլոր խնդիրները բացառապես բանակցությունների միջոցով լուծելու հանգամանքը:    

Ի լրումն վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումների՝ 2022թ. ընթացքում տեղի են ունեցել ԱԳ նախարարների ձևաչափով մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Թբիլիսիում, Դուշանբեում, Նյու Յորքում, Ժնևում և Վաշինգտոնում: Հիշում եք, տարեվերջին նախատեսվում էր նաև հանդիպում Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարարի կազմակերպմամբ, սակայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված հայկական կողմը հետաձգեց այս հանդիպմանն իր մասնակցությունը:

Ցավալիորեն, չնայած ՀՀ կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը, ագրեսիվ հռետորաբանությունը և առավելապաշտական գործողությունները. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի արդեն շուրջ 150 քառակուսի կմ տարածք, մշտապես սադրիչ և ագրեսիվ գործողություններ է իրականացրել ՀՀ սահմանին և Լեռնային Ղարաբաղում, ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը՝ հումանիտար ճգնաժամ առաջացնելով Արցախում, գերության մեջ է պահում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու նպատակով Հայաստանի Հանրապետությունն օգտագործել է դիվանագիտական զինանոցում առկա ամբողջ գործիքակազմը։ Հայաստանի դիմումի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա իրավիճակը, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հարցը քննարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՀԱՊԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում և հարթակներում: Հայաստան են ժամանել ՀԱՊԿ, ԵԱՀԿ և ԵՄ դիտորդական առաքելություններ։ 

Այսպես, 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կապակցությամբ Հայաստանի դիմումի հիման վրա սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Նիստի ընթացքում ԱԽ անդամ պետություններն արձանագրել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, կարևորել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը՝ շեշտելով նաև Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ 

2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի քառակողմ հանդիպմանը ձեռքբերված համաձայնության արդյունքում՝ Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բոռելի առաջարկով՝ հոկտեմբերի 17-ին ԵՄ խորհուրդն ընդունեց որոշում՝ Հայաստանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ դիտորդ-փորձագետներ ուղարկելու մասին: Ինչպես գիտեք, առաքելության երկամսյա մանդատի լրանալուց հետո՝ արդեն ընթացիկ տարում, ԵՄ կողմից ընդունվեց նոր որոշում երկու տարով Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ:

Հայաստան ժամանեց նաև ՀԱՊԿ առաքելությունը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ: 

2022թ. հոկտեմբերի 21-27-ը Հայաստան ժամանեց նաև ԵԱՀԿ գնահատման թիմը՝ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ Այցի արդյունքներով գնահատման թիմը կազմել է համապատասխան զեկույց, որի առաջարկություններն ու եզրակացությունը տրամադրվել է ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններին:

2022թ. դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի հիման վրա՝ այս անգամ քննարկելու Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների գերակշիռ մեծամասնության կողմից հնչել են հստակ կոչեր` Ադրբեջանի կողմից միջանցքի արգելափակումը դադարեցնելու և միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ մուտքն ապահովելու վերաբերյալ։

Մարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է անցած 30 տարիների ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցային գործընթացին և միջազգային ու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի:

2022թ. ընթացքում, այդ թվում նաև՝ ՀՀ ԱԳՆ ջանքերով, հնչել են բազմաթիվ հայտարարություններ առանձին երկրների, նրանց խորհրդարանների, նաև միջազգային խորհրդարանական հարթակների կողմից:     

2022թ. կարևոր էր Եվրոպական խորհրդարանի հետ փոխգործակցության և ընդունված փաստաթղթերի առումով: Մարտի 10-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է հրատապ բանաձև «Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ», որն Ադրբեջանին ուղղված հստակ ուղերձներ է պարունակում: Ի շարունակություն այս բանաձևի և նույն խնդրով արված բազում հայտարարությունների՝ նոյեմբերին Եվրոպական խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդես:

Տեղի են ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի ղեկավարած պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի այցերը Հայաստան: Ինչպես հայտնի է, հաջորդիվ մշակվել են ԵՄ արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցերով տարեկան զեկույցը (CFSP)՝ զեկուցող Դ. Մքալիսթեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները: Դրանց վերջնական ընդունումը, իհարկե, տեղի ունեցավ 2023թ.: 2022թ. կայացած քննարկումների, իսկ CFSP զեկույցի պարագայում՝ արտաքին հարցերով կոմիտեում քվեարկության միջոցով հավանության արժանացան Հայաստանի նկատմամբ ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ երեք հիմնարար սկզբունքները վկայակոչող, 44-օրյա պատերազմից հետո պահպանվող մարդասիրական խնդիրների, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի ապահովման հարցում Ադրբեջանին ուղղված հստակ գնահատականներ և ուղերձներ: Հայաստանի վերաբերյալ զեկույցում, իհարկե, անդրադարձ կա նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների տարբեր ասպեկտների, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում գրանցված ձեռքբերումներին և դրանց ԵՄ հետագա աջակցությանը:

Վերադառնալով միջազգային առաքելությունների թեմային՝ նշենք, որ այժմ էլ ՀՀ-ն ակտիվ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ գործուղելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների ներգրավման ու հումանիտար գործունեության ծավալման ուղղությամբ։ Հաշվետու տարվա ընթացքում քննարկումներ են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հետ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, մասնավորապես 7-րդ կետով սահմանված գործառույթների շրջանակներում տեղահանվածների վերադարձի վերաբերյալ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Արցախում հայկական ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Ներկայումս Արցախում մարդասիրական աշխատանքներ են իրականացնում միայն ՌԴ խաղաղապահ ուժերը և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։ Մարդասիրական աջակցությանը նպաստ են բերել նաև այլ կազմակերպություններ՝ միջնորդավորված, օրինակ՝ Կարմիր խաչի միջոցով: 

Շարունակվել են աշխատանքները ԵԱՀԿ նախագահող, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ համանախագահության մանդատի պահպանման և վերջինիս կողմից կուտակված փորձի օգտագործման ուղղությամբ, ինչն արձանագրվել է ինչպես ՀՀ և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարության, այնպես էլ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ամփոփիչ համատեղ հայտարարության տեքստերում:

ՀՀ ԱԳՆ առաջնայնությունների շարքերում անկյունաքարային է շարունակել մնալ հայ գերիների վերադարձի խնդիրը: Հարցը մշտապես բարձրացվել է բոլոր երկկողմ և բազմակողմ հանդիպումների ընթացքում: Շարունակվել են նաև օպերատիվ աշխատանքները ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի հետ: ՀՀ ԱԳ նախարարությունն այլ գերատեսչությունների հետ համագործակցաբար կազմել և ներկայացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ բողոք-զեկույցի փաթեթ ՄԱԿ-ի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի հարցերով հատուկ զեկուցողին, ինչպես նաև Կամայական ձերբակալությունների հարցերով և Բռնի անհետացումների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին: Գերիների հարցի առնչությամբ միջազգային կազմակերպություններում փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Ստրասբուրգում, Վիեննայում, Բրյուսելում և այլուր։ 

2022թ. գործուն քայլեր են կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի, ինչպես նաև այլ գործընկերների, այդ թվում՝ ԵՄ ու ԵՄ անդամ պետությունների և Հնդկաստանի հետ։ 

Երկկողմ հարաբերություններին կանդրադառնամ քիչ անց: 

Հայաստանը շարունակել է աջակցություն ցուցաբերել ցեղասպանության և մարդկության դեմ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման  միջազգային օրակարգին: Մարտին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը, որը համահեղինակել են 65 երկիր: Դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումը, որը նվիրված էր ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների կիրառման պայմաններում։

Բազմակողմ հարթակներ

Հայաստանը պահպանել և շարունակել է իր ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միությունում ընթացող գործընթացներում: ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2022թ. հունվար-նոյեմբերին կազմել է շուրջ 4.6 մլրդ. ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 91%-ից ավել:

Քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների առաջմղման ուղղությամբ: Նախագահության շրջանակներում  Հայաստանում անցկացվել են միջոցառումներ, այդ թվում՝ ՀԱՊԿ ՀԱԽ գագաթաժողով: Ինչպես և մինչ այդ, նախագահության ավարտից հետո ևս Հայաստանը շարունակում է աշխատանքները ՀԱՊԿ գործընկերների հետ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հստակ քաղաքական գնահատական ստանալու ուղղությամբ։

Շարունակվել է ԵԱՀԿ շրջանակներում ՀՀ անվտանգային խնդիրների հասցեագրման գործընթացը: Հայաստանը մասնակցել է մի շարք նոր բազմակողմ համագործակցության հարթակների, ինչպիսիք են Եվրոպական քաղաքական համայնքը և Ժողովրդավարության գագաթաժողովը:

Հայաստանի և Ֆրանկոֆո­նիայի միջազգային կազմակերպության միջև պահպան­­վել է համագործակցության հագեցած օրակարգը։ Նոյեմբերի 19-20-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթաժողովի նախագահությունը փոխանցել է Թունիսին:

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանը շարունակել է ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային, ռազմական, անվտանգային  և այլ ուղղություններով: Տեղի են ունեցել դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 19-20-ը կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ:

Շարունակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացումը ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, ոստիկանության, դատաիրավական համակարգի բարեփոխումների և այլ ուղղություններով: ԱԳ նախարարների մասնակցությամբ մայիսի 2-3-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը:

Ֆրանսիայի հետ ընդլայնվել են առանձնաշնորհյալ հարաբերությունները քաղաքական, տնտեսական,  անվտանգային և այլ ոլորտներում: Շարունակվել են աշխատանքները Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի դրույթների իրագործման ուղղությամբ: Ընդլայնվում են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացման ծրագրերը:

Խորացել է ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության  հարցերով: Շարունակվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված դրույթների և ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափում ուղենշային նախաձեռնությունների իրականացումը: 

Շարունակվել է բարձր մակարդակի երկխոսությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև աշխատանքային այց է կատարել Իրան, որի ընթացքում ստորագրվել է «Բնական գազի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Աշխատանքներ են տարվում տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Հոկտեմբերին Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսություն:

Զարգանում են Վրաստանի հետ ջերմ գործընկերային հարաբերությունները, քայլեր են ձեռնարկվում դրանք առավել ամրապնդելու ուղղությամբ: Ընդլայնվում է համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ բեռնափոխադրումների և քաղաքացիների անխափան տեղաշարժը ապահովելու նպատակով: Հունիսի 18-ին Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի և Վրաստանի վարչապետի հանդիպումը:

2022թ. ակտիվ աշխատանքներ են տարվել Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Ապրիլի 25-27-ը կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հնդկաստանի Հանրապետություն՝ «Ռաիսինա երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև գործարար բնագավառի 30-ից ավելի ներկայացուցիչներ: Տեղի է ունցել բիզնես ֆորում, բիզնես-բիզնես ֆորմատով հանդիպումներ: Հուլիսի 4-ին Երևանում տեղի է ունեցել Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը։ Նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Հնդկաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը: Երկու երկրների միջև ձևավորված է բավականին հավակնոտ համագործակցության օրակարգ, որը հետևողականորեն արդեն իսկ կյանքի է կոչվում։

2022թ. շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացը: Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորս հանդիպում, 2022թ․ փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։

2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում  մեկնարկել Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումների իրականացումը, որի մեկնարկը տրվել է արդեն ընթացիկ տարում:

2022թ. հուլիսի 11-ին Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, իսկ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Ինչպես գիտեք, արդեն այս տարի փետրվարի 15-ին աշխատանքային այցով ինքս մեկնել եմ Թուրքիա՝ ցավակցելու երկրաշարժի արդյունքում մեծաթիվ զոհերի կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետությունը այդ օրերին Թուրքիա էր ուղարկել հումանիտար օգնություն և փրկարարական խումբ։ Այս նպատակներով 30 տարվա դադարից հետո գործարկվել էր Մարգարայի անցակետը։ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ վերահաստատել ենք մինչև այս տարվա զբոսաշրջային շրջանի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու պատրաստակամությունը։ Այս ուղղությամբ հայկական կողմը ներկայումս իրականացնում է ակտիվ աշխատանքներ։

2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շարունակել է աշխատանքներ իրականացնել երկկողմ և բազմակողմ հարթակներում՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախանշված ուղենիշներն իրագործելու նպատակով։ 

Թերևս այսքանը: Մնացածը քննարկման տեսքով:»

 

  • Կիսվել: