կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Միրզոյանը՝ ՀՀ-ԵՄ և ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա ընտրությունների հնարավոր ազդեցության մասին

Միրզոյանը՝ ՀՀ-ԵՄ և ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա ընտրությունների հնարավոր ազդեցության մասին

Ընտրությունների արդյունքը բեկումնային է լինելու այն առումով, որ ընտրություններին ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ կքվեարկի խաղաղությանը: Այս առումով ևս մեկ անգամ Հայաստանի ժողովուրդն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ կիսում է խաղաղության օրակարգը, նվիրված է խաղաղությանը: Այդ մասին քվեարկությանը մասնակցելուց հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընտրությունների արդյունքը կարող է բեկումնային լինել խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման գործընթացի ընթացակարգերի վրա:

«Բայց [կա] նաև մյուս շերտը. խաղաղությունը միայն խաղաղություն չէ, խաղաղությունը նաև բերում է իր հետ ավելի ամուր ինքնիշխանություն, խաղաղությունը բերում է իր հետ նաև տնտեսական զարգացման նոր հնարավորություններ: Այս առումով, այո՛, բեկումնային կլինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքի ազդեցությանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքի վրա, Արարատ Միրզոյանը նշեց՝ իր քաղաքական թիմը հանդես է գալիս ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման օգտին, ուստի այդ առումով քվեարկությունը նշանակություն կունենա:

Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին՝ Միրզոյանը հայտարարեց. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն, և մենք հույս ունենք ընտրություններից հետո հատկապես մեր ռուսաստանցի գործընկերների հետ առողջ, կառուցողական մթնոլորտում առողջացնել, քննարկել եղած խնդիրները, որոնք ցանկացած երկու հարաբերություններում լինում են ժամանակ առ ժամանակ, նաև գտնել լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն և՛ ՀՀ-ին, և՛ ՌԴ-ին»:

«Ռուսաստանցի մեր գործընկերները պետք է, ինչպես իրենք՝ մեր, այնպես էլ մենք իրենց ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվեն, ավելի կառուցողական մոտեցում ունենան»,- ասաց նա՝ հավելելով, որ հարաբերությունների լարվածությունը արհեստական են:

  • Կիսվել: