չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Միքայել Սրբազանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման

Միքայել Սրբազանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլխավորությամբ, այսօր՝ հոկտեմբերի 3–ին, հրապարակեց Միքայել Սրբազանի դատավճիռը։ Նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։

Գործով դատախազը միջնորդել էր Միքայել Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24–ին դատարանը հրապարակել է Միքայել Սրբազանի վերաբերյալ վերդիկտը և նրան մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ իր սահմանափակումներով։

Նշենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

  • Կիսվել: