շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեզ հետ հանդիպումներին բազմաթիվ մարդիկ խնդրում են՝ չանցկացնել արտահերթ ընտրություններ. Հայկ Կոնջորյան

Մեզ հետ հանդիպումներին բազմաթիվ մարդիկ խնդրում են՝ չանցկացնել արտահերթ ընտրություններ. Հայկ Կոնջորյան

Եթե ժողովուրդն արտահերթ ընտրություններ ցանկանար, ապա դուրս կգար փողոց, մեզ հետ հանդիպումների ժամանակ բազմաթիվ մարդիկ խնդրում են՝ չանցկացնել արտահերթ ընտրություններ: Այս մասին «Ազատություն ռադիոկայանի» հետ հարցազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով՝ երեկ «Իմ քայլը» խմբակցության տարածած հայտարարությանը, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա:

Նա նշեց, որ հունիսին Փաշինյանը հանդես կգա ճանապարհային քարտեզի վերաբերյալ հաշվետվությամբ և, հաշվի առնելով հանրության արձագանքը, այդ քարտեզի վերաբերյալ, դրանից հետո, եթե կարիք լինի նոր որոշման, ապա նոր որոշում կկայացնեն:

Հարցին՝ ընտրությունները կազմակերպվում են ընդդիմությա՞ն, թե ժողովրդի համար, եթե նրանք նշում են, որ ընդդիմությունը չի ցանկանում արտահերթ ընտրություններ, նա պատասխանեց. «Ժողովրդի, բայց քաղաքական գործընթացները՝ այս դեպքում ընտրությունները, պետք է ունենան տրամաբանություն, հակառակ դեպքում մենք անընդհատ կգտնվենք քաղաքական տուրբուլենտության ցիկլերի մեջ»:

Դիտարկմանը, թե պատգամավորն ասում է՝ եթե ժողովուրդն արտահերթ ուզեր, ապա դուրս կգար փողոց և հարցին՝ արդյոք դա է չափման միավորը, որ պնդում են, թե ժողովուրդը չի ուզում արտահերթ ընտրություններ, Կոնջորյանն ասաց, որ ամեն դեպքում իրենք պետք է ունենան որոշակի իմպուլսներ, ու այդ ազդակներից հետո պետք է կայացնեն որոշումներ:

«Կա մարդկանց լայն զանգված, որոնք մեր շփումների, քաղաքացիների հետ մեր հանդիպումների ընթացքում մեզնից պահանջում են, որ չգնանք արտահերթ ընտրությունների: Կա այս, կա մյուս կողմն էլ, մեզ համար այդ ազդակները պետք է լինեն այնքան ազդեցիկ, որ մենք կայացնենք որոշում, քաղաքացիները պետք է իրենց կամքը արտահայտեն աներկբայորեն: Եթե մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ցանկանար և մեզնից պահանջեր գնալ արտահերթ ընտրությունների, ապա առանց 17 ուժերի էլ կինքնակազմակերպվեին և այդ պահանջը մեզ կներկայացնեին»,– ասաց նա:

Կոնջորյանի կարծիքով՝ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական գործընթացների մեկնարկը եղել է տեռորի փորձը, ԱԺ նախագահի մահափորձը: «Վստահաբար կարող ենք ասել, որ եթե վարչապետի անվտանգությունն ավելի պրոֆեսիոնալ չգործեր, նույն խնդիրն առաջանալու էր վարչապետի դեպքում: Եղել է տեռորի և հոկտեմբերի 27-ի անհաջող փորձ, դրանից հետո այն ուժերը, որոնք կապ ունեին այդ տեռորի հետ, որոշել են փողոցային պայքարով շարունակել, որը իշխանության զավթումն էր: Այս պայմաններում, երբ անընդհատ բռնության քարոզ է տարվում ընդդիմության կողմից, քարոզարշավ անելու համար պետ է ունենանք քաղաքական պատասխանատվություն, ընդհուպ լայն կոնսենսուս այն ուժերի կողմից, որոնք բեմահարթակից զինված հեղաշրջման կոչեր են անում»,- նշեց նա:

  • Կիսվել: