հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Միրզոյան

Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը 2027 թվականին ևս շարունակելու է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման գործընթացները: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա նաև վավերացումը, մինչև այս մենք, իհարկե, շարունակելու ենք խաղաղությունն էլ ավելի ամրապնդող մի շարք քայլերի և համագործակցության ընդլայնումը, ինչպիսիք են օրինակ երկկողմ առևտուրը»,- ասաց Միրզոյանը:

Նախարարն անդրադարձավ նաև Հայաստանի արևմտյան հարևանի՝ Թուրքիայի հետ հարաբերություններին:«Թուրքիայի հետ մեր երկխոսությունը բավական ակտիվ է և արդյունավետ, առանձին համագործակցության դրսևորումներ են եղել և կշարունակվեն՝ Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգում, ուսանողների համար ծրագրեր, հայ-թուրքական գործարար համաժողով, առաջինը եղել է Կարսում, մյուսը հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանում: Տեխնիկապես նախկինում Հայաստան-Թուրքիա առևտուրն իրականացվում էր երրորդ երկրի միջոցով, այդ խոչընդոտը վերացվեց, այժմ դա մաքսային իմաստով ուղիղ է, աշխարհագրորեն՝ դեռևս Վրաստանի տարածքով: Այո, չնայած ողջ առաջընթացին՝ այս պահին Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ, բայց այս գործընթացն այնքան է հասունացել, որ մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում»,- նշեց նախարարը:

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է նույն ոգով զարգացնել և էլ ավելի ամրապնդել ռազմավարական գործընկերության հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ:

  • Կիսվել: