երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Մեր գործընկերներից ունենք շատ դրական արձագանքներ Փաշինյանի ելույթի և ներկայացման վերաբերյալ. ԱԳՆ գլխավոր քարտուղար

Մեր գործընկերներից ունենք շատ դրական արձագանքներ Փաշինյանի ելույթի և ներկայացման վերաբերյալ. ԱԳՆ գլխավոր քարտուղար

«Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումն ավելի մեծ հետաքրքրություն է իր շուրջ բևեռել, քան անցյալ տարի, մենք ունենք մոտ 400 միջազգային հյուր, 40-ից ավել երկրից՝ պաշտոնական պատվիրակություններ, տարբեր շրջանակներից, անալիտիկ վերլուծական, էքսպերտային։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։

«Շատ կարևոր է բացատրել այն գործընթացները, որոնք այսօր մեր ռեգիոնում տեղի են ունենում և հատկապես խաղաղության օրակարգին է հարցը վերաբերում։ Այս մասով արդեն մենք ունենք մեր գործընկերներից շատ դրական արձագանքներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի և ներկայացման վերաբերյալ, որտեղ շատ ավելի մանրամասն և շատ ավելի ըմբռնելի ոճով ներկայացվեցին այսօր տեղի ունեցող պրոցեսները, որում Հայաստանը ներգրավված է։ Ունենք լայն ներկայացվածություն տարբեր արտասահմանյան մեդիա գործակալությունների, որոնք լուսաբանում են միջոցառումը և այս առումով ևս ունենք որոշակի հաջողություններ։

Համաժողովի մեսիջը արտացոլված էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթում։ Քանի որ այսօր արտաքին քաղաքական դաշտում անհստակությունները բավական շատ են, մենք նման միջոցառումներով փորձում ենք քննարկումների միջոցով բերել հստակեցումների, փորձել բերել այն կոնսենսուսների և այն ոսկե միջինների, որոնք պետք է ընդհանուր արտաքին քաղաքականության շեյփ անեն։

Այս մասով շատ կարևոր է նաև մեր արտաքին գործընկերների տեսակետները, այդ առումով շատ կարևոր էր Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ելույթը, որը ներկայացրեց Սլովակիայի դիրքորոշումը և տեսակետները ԵՄ–ի վերաբերյալ, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, պատերազմների և կոնֆլիկտների վերաբերյալ։ նույնը մենք, մենք ևս մեր տեսակետներ և դիրքորոշումներն ենք արտահայտում, արտացոլում, որից հետո սկսվեցին պանելային քննարկումներ այս բոլոր հարցերի վերաբերյալ»,– ընդգծեց նա։

Դավիթ Կարապետյանի խոսքով, Հայաստանը հրավիրել է իր բոլոր գործընկերներին, և եթե նույնիսկ ինչ-որ երկրից պաշտոնական պատվիրակություններ չկային, այդ պատվիրակությունները ներկայացված են Հայաստանում հավատարմագրված կամ չհավատարմագրված դեսպանների միջոցով. «Այն արձագանքը, որ մենք ստանում ենք, հատկապես բացման արարողությունից հետո, ցույց է տալիս, որ շատ լայն ընկալում կա այն դիրքորոշումների և մոտեցումների, որ Հայաստանը որդեգրել է իր արտաքին քաղաքական ուղեծրում»,–ասաց նա։վ

  • Կիսվել: