երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր երեխաներին հասանելիք կրթությունը պետք է նույն որակի լինի՝ անկախ բնակավայրից. Ժաննա Անդրեասյան

Մեր երեխաներին հասանելիք կրթությունը պետք է նույն որակի լինի՝ անկախ բնակավայրից. Ժաննա Անդրեասյան

Արդեն տևական ժամանակ է՝ դպրոցի տնօրենի նշանակման կարգով հարցազրույցի փուլն արվում է համատեղ հանձնաժողովի կողմից՝ նախարարության և լիազոր մարմնի մասնակցությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է իր տպավորություններով։

«Երբեմն որոշ մարդկանց մոտ ընկալում կա, թե պետության պահանջները պիտի տարբեր լինեն քաղաքային և գյուղական դպրոցների տնօրենների համար, ասել է թե՝ գյուղական դպրոցների տնօրենների հավակնորդները կարող են որոշ հարցերի չտիրապետել կամ կարելի է աչք փակել ինչ-ինչ հարցերի վրա, որովհետև ի վերջո խոսում ենք գյուղական դպրոցի մասին։ Այս մոտեցումը իրականում ոչ այլ ինչ է, քան առաջարկ՝ սորտավորել մեր քաղաքացիներին ու այդ սորտավորման մեջ որոշ քաղաքացիների՝ նվազ բարենպաստ պայմանները ընդունել որպես նորմալ, այսինքն եթե մենք գնանք այս ընկալման հետևից, պիտի ընդունենք, որ գյուղական այդ բնակավայրերի երեխաները ոչինչ, որ ավելի վատորակ կրթություն ստանան, դե դա է հնարավոր առավելագույնը։ Սա անընդունելի մոտեցում է․ պահանջները նույնն են, կրթության որակի նվազագույն ստանդարտը նույնն է, մեր երեխաներին հասանելիք կրթությունը պետք է նույն որակի լինի՝ անկախ բնակավայրից․ սա է կրթության ռազմավարության ասելիքն ու անելիքը։

Հենց այս նպատակով է, որ այսօր միլիարդավոր դրամներ են ներդրվում հենց գյուղական բնակավայրերում ուսուցիչների աշխատավարձի բարձրացման համար, դպրոցական ենթակառուցվածքի բարելավման համար։ Որովհետև խոսքը մեր երեխաների մասին է, որոնք նույն իրավունքներն ունեն՝ անկախ իրենց բնակության վայրից։ Ու այո, գիտակցելով, որ դրան հասնելու համար ժամանակ է պետք, այդ ժամանակը պետք է օգտագործվի լուծումներ գտնելու, ոչ թե իրավիճակին հարմարվելու համար։

Դեռևս շատ հավակնորդների թվում է, թե հարցերն ունեն ի սկզբանե սխալ և ճիշտ պատասխաններ, որոնք պետք է հիշել։ Ցավոք, մասնակիցներից քչերն են դեռևս պատկերացնում, որ դպրոցի տնօրեն լինելն առաջին հերթին զարգացման տեսլական ունենալն է, որ պիտի սերտ կապված լինի տվյալ դպրոցի խնդիրների վերլուծության ու ձևակերպման հետ։ Անգիրը դպրոցի տնօրեն դառնալու ճանապարհ չի, մտածելն է այդ ճանապարհը։
Շատ բարդ է գործընթացը։ Բայց այլընտրանք չկա։ Սիրելի հավակնորդներ, առաջին հերթին մտածեք դպրոցի մասին, որն ուզում եք ղեկավարել, մտածեք դպրոցի մասին ոչ թե որպես շենք, այլ որպես միջավայր ու բովանդակություն»,- գրել է նա։

 

  • Կիսվել: