երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մենք զրո կոմպրոմիս ունենք կոռուպցիայի հետ. Հայկ Կոնջորյան

Մենք զրո կոմպրոմիս ունենք կոռուպցիայի հետ. Հայկ Կոնջորյան

Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավորական խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պատասխանեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթին՝ նշելով՝ ինքը ոչ մեկին չի վիրավորել:

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթի շրջանակում հնչեցված քննադատություններին, Կոնջորյանը տարակուսեց՝ ինչպես Մինասյանն այդ ելույթում չի նկատել վիրավորանքներ:

«Որպես տղամարդ՝ վիրավորական ձևակերպումներ արդյոք չե՞ք գտել ձեր խմբակցության երկու գործընկերոջ կողմից վերջին օրերին վարչապետի տիկնոջ հասցեին հնչած արտահայտությունների մեջ»,- հարց ուղղեց պատգմավորը:

Ինչ վերաբերում է ընդդիմության մեղադրանքներին, թե ինչու է իշխող ուժը խոսում իրենց կոռուպցիոն հանցագործությունների, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի մասին ու չի խոսում Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած օրինազանցությունների մասին, Կոնջորյանը հիշեցրեց՝ եղել են մի շարք բազմաթիվ դրվագներ, երբ հեղափոխությունից հետո պաշտոն զբաղեցնող անձինք ենթարկվել են նաև քրեական պատասխանատվության:

«Դուք կարող եք այնպիսի հարցադրումներ անել, որը չեք անում, ու որը մենք ձեր փոխարեն ենք անում, որովհետև մենք զրո կոմպրոմիս ունենք կոռուպցիայի հետ, պարոն Մինասյան»,- նշեց նա:

Կոնջորյանը հիշեցրեց՝ երեկ ինչ է ասել ՀՀ գլխավոր դատախազը Ռոբերտ Քոչարյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական պահանջներին ապօրինի գույքի բռնագանձման հայցի շրջանակում:

Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հայտնեց՝ դատախազությունը նրանից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 4 տրանսպորտային միջոց, 30 ընկերությունում մասնաբաժին, 21 մլրդ դրամ ապօրինի եկամտի մնացորդ:

Բացի անշարժ գույքերից՝ Աբրահամյանից պահանջվում է վերադարձնել շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույք, շուկայական արժեքը՝ ավելի քան 1,6 մլրդ դրամ, ընկերություններին տրված փոխառություններից ծագող գրեթե 687 մլն դրամի, 11 մլն դոլարի և 3,1 միլիոն եվրոյի պահանջի իրավունք:

Դիմելով ընդդիմադիրներին՝ Հայկ Կոնջորյանը հիշեցրեց, որ նրանց քաղաքական թիմի անդամներից Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված շուրջ 25 անձանցից բռնագանձնման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևանում ու Լոս Անջելեսում շքեղ առանձնատունը:

Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև 14 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 33 իրավաբանական անձանցում, նաև ավելի քան 40 միլիարդ դրամ:

«Այս պահին դատախազության կողմից կա առաջարկված 147 հայցադիմում, որով պահանջվում է 1496 անշարժ գույք, 288 ավտոմեքենա, 391 իրավաբանական անձում մասնակցություն: Եվ այս ընդհանուր հայցագինը կազմում է 608 միլիարդ 505 միլիոն դրամ»,- տեղեկացրեց նա:

Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ Կոնջորյանը նկատեց՝ սա նրանց կառավարման մասին է վկայում:

  • Կիսվել: