երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք պետք է միակողմանի զիջումների կործանարար շղթան դադարեցնենք. Դա խաղաղության չի տանում. Մարուքյան

Մենք պետք է միակողմանի զիջումների կործանարար շղթան դադարեցնենք. Դա խաղաղության չի տանում. Մարուքյան

Ադրբեջանի զինդատախազությունը հետախուզում է հայտարարել 18 հայի նկատմամբ, որոնք մեղադրվում են Բաղանիս-Այրում գյուղում 1990-ականների սկզբին իբր ցեղասպանություն իրականացնելու մեջ. նշվում է, որ 10 մարդ է սպանվել, տներ են հրկիզվել, 400-ից ավելի մարդ է տեղահանվել: Այս մասին իր ուղիղ եթերում հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նկատեց, որ սա արվում է այն ֆոնին, որ Հայաստանում քննարկվում է այդ տարածքներից դուրս գալու հարցը, որը սահմանազատման մաս պետք է լիներ, բայց այն միակողմանի է:

«Ադրբեջանը այս ամենի ֆոնին նոր մեղադրանքներ է ներկայացնում հայկական կողմին, նոր ցեղասպանության թեզ: Խոջալուի ցեղասպանությունը դրոշակ սարքած բոլոր միջազգային ատյաններում շրջում են, հիմա էլ նոր «ցեղասպանություն» արդեն Հայաստանի սահմանին եղած տարածքների, գյուղերի տեղահանման, էթնիկ զտման վերաբերյալ: Դրան գումարած Հայաստանում քննարկումներ են գնում այն մասին, որ որեւէ գյուղ չի վերադարձվում, ուղղակի ավերակներ են: Հիմա Ադրբեջանում քննարկում են, որ այդ ավերակները մենք ենք իրականացրել, հետեւաբար, այդ ավերակների համար փոխհատուցումներ պետք է վճարել: Հիմա կկազմեն, թե քանի տուն է այնտեղ ավերվել: Այս ամենը չի տանում խաղաղության, սա խաղաղության հետ կապ չունի: Խաղաղության գործընթացի չի ենթադրում, որ կողմերը պետք է անընդհատ միմյանց մեղադրանքներ ներկայացնեն, այս դեպքում միայն Ադրբեջանն է ներկայացնում»,- հայտարարեց Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ տարեց հայ ամուսիների էին սպանել, ականջները կտրել, զինվորների եւ քաղաքացիական անձանց էին գլխատել: «44-օրյա պատերազմի ժամանակ էլի մարդկանց էին գլխատել: Ահաբեկչական ԻՊ-ի ոճով ադրբեջանական բանակը հայերի նկատմամբ իրականացրել է նմանատիպ պատերազմական հանցագործություններ: Ո՞ւր են այս մեղադրանքները, ո՞ւր են այս գործերը, ինչո՞ւ սրանք առաջ չեն մղվում:

Հայաստանը միացել է միջազգային քրեական դատարանին եւ ժամկետն էլ այնպես ենք արձանագրել, որ սեպտեմբերին տեղի ունեցած վայրագությունների, սպանությունների, ռազմագերիների գնդակահարությունների գործերով գանգատներ հնարավոր լինի ներկայացնել միջազգային քրեական դատարան, հետապնդել Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության անհատ ներկայացուցիչներին: Այս ամեն ինչը մենք ունենք, բայց մի կողմ դրված մենք շարունակում ենք քննարկել, թե ինչ է պետք անել, որ խաղաղություն լինի: Արդյունքում մեր նկատմամբ նորանոր մեղադրանքներ են ներկայացվում:

Այս մեղադրանքներին վերջ ու սահման չկա, որովհետեւ եթե մենք գնում ենք միակողմանի զիջման, եւ ոչ թե բանակցային գործընթացով ինչ-որ պրոցեսի, որի արդյունքում կողմերը գիծ են քաշում մինչ օրս տեղի ունեցածի վերաբերյալ, եւ համաձայնության են գալիս, դրանք տարբեր պրոցեսներ են: Հիմա գիծ չի քաշվում: Տպավորություն է, որ հայկական կողմից է գիծ քաշվում, որ ինչ եղել՝ եղել է, բայց ադրբեջանական կողմից ոչ մի գիծ չի քաշվում: Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունն ընդդեմ Հայաստանի՝ տարածքային պահանջներով, միջազգային քրեական մեղադրանքներով:

Տեսեք, գործընթաց է գնում, որ ՀՀ զինված ուժերը պետք է դուրս գան, գան այն գծի վրա կանգնեն, որը մենք ենք ճանաչում որպես գիծ, բայց Ադրբեջանը չի ճանաչում, եւ դրան զուգահեռ արդեն կառուցվում է գործ, որ կան փնտրվող անձինք, որոնք ՀՀ-ում են գտնվում, ու եթե Հայաստանը նրանց չի հանձնում, ինչպես կարող է լինել խաղաղություն: Հայաստանը պետք է այդ մարդկանց հանձնի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակից ելքերին, նա ասաց. «Եթե մենք բանակցային գործընթացում չենք հասել մի իրավիճակի, որ կողմերը գիծ են քաշում եւ հետ չեն նայում, խաղաղություն են կնքում, ինչը այսօր չկա, հետեւաբար միակողմանիորեն լռել որեւէ հանցագործության վերաբերյալ, միակողմանիորեն զիջել որեւէ բան, կապ չունի՝ ինչ ենք զիջում, միակողմանի ցանկացած որեւէ գործընթաց ոչ թե մեր լեգիտիմությունն է ամրացնելու, այլ մեզ դատապարտելու է նորանոր կորուստների եւ նորանոր պրոբլեմների:

Մենք պետք է միակողմանի զիջումների կործանարար շղթան դադարեցնենք: Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ Հայաստանի կողմից բարի կամքի դրսեւորման որեւէ գործողություն չի գնահատվելու: Հույս ունենալ, որ միջազգային հանրություննէ  դա գնահատում, դրա մասին էլ շատ ենք խոսել: Միջազգային հանրությունը այսպես է գնահատում՝ ողջունում ենք հայկական կողմի խիզախ քայլերը, որոնք շատ կարեւոր են խաղաղության համար: Ով ոչ մի խոսք Ադրբեջանի իշխանություններին ուղղված, որ նրանք նույնպես, օրինակ, խիզախ քայլ անեն եւ ազատ արձակվեն բոլոր ռազմագերիներին, ԼՂ-ի ընտրված կամ նշանակված տարբեր ներկայացուցիչներին, որոնք Ադրբեջանի բանտերում են: Այսինքն Ալիեւի կողմից ոչ մի խիզախ քայլ, որ ոչ պոպուլյար կլինի իր հասարակության համար, չի արվում եւ միջազգային հանրությունն էլ չի ասում, որ անեն: Իսկ հայկական կողմից կնկալում են խիզախ քայլեր, զիջումներ, ասում են՝ դուք այնքան խիզախ եք, դուք ամեն ինչ արեք, զիջեք, տվեք, ներեք, մոռացեք, մի ծխոսեք, մի մեղադրեք եւ դա խիզախություն է: Միջազգային հանրությունը ողջունում է զիջող կողմին, իսկ որեւէ զիջման չգնացող կողմին ոչինչ չի ասում»:

  • Կիսվել: