երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք միանգամայն աջակցում ենք ձեր՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին. Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ

Մենք միանգամայն աջակցում ենք ձեր՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին. Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ

Չեխիայի Հանրապետությունը Հայաստանի հետ համագործակցել է բավականին երկար ժամանակ, և մենք միանգամայն աջակցում ենք ձեր՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին: Այդ մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:

«Մենք աջակցել ենք Հայաստանին այս ուղղությամբ՝ ներառյալ Արևելյան գործընկերության շրջանակներում, որը նաև Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շնորհիվ հյուրընկալվել էր Չեխիայում: Մենք նաև համագործակցում ենք երկկողմ մակարդակում. մեր երկու խորհրդարանները կարող են շատ տարբեր ոլորտներում համագործակցել, մեր հանձնաժողովներն այցելում են Հայաստան, և նույնը վերաբերում է հայաստանյան հանձնաժողովների այցերին Պրահա»,- ասաց նա:

«Մենք հիմա աշխատում ենք մեր փոխադարձ տնտեսական հարաբերությունների վրա, և պատվիրակության մի մասը ձեռներեցներ են, նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են: Իմ պատվիրակության անդամներից մեկն էլ ներկայացնում է մեր առևտրի նախարարությունը, որը նշանակում է, որ դեռևս հնարավորություն կա բարելավել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները, և մենք այդ կապակցությամբ աշխատում ենք»,- նշեց Մարկետա Պեկարովա Ադամովան:

Նա ընդգծեց, որ համագործակցությունը ներառում է մշակութային և կրթական կապեր. «Այդ կապակցությամբ ես ուրախ եմ, որ ցուցասրահ եմ բացելու թանգարանում, որը կներկայացնի մեր մշակութային ժառանգությունը, և հուսով եմ, որ դա լավ հնարավորություն կլինի՝ հրավիրել հայ զբոսաշրջիկներին մեր գեղեցիկ երկիր. միշտ դռները բաց են»,- ասաց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահը:

  • Կիսվել: