Մենք և՛ Չինաստանի և՛ Հնդկաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք. Միրզոյան
Մենք և՛ Չինաստանի և՛ Հնդկաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք, մեր համագործակցությունն ընդգրկում է տարատեսակ ոլորտներ: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Նույն Չինաստանի հետ այսօր տեղի են ունեցել ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ, ընդունվել է հայտարարություն, կողմերը հանդես են եկել համատեղ մամլո հաղորդագրությամբ, որտեղ, իմիջիայլոց, շատ հետաքրքրական կերպով ողջունվում են և՛ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, և՛ մեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Չինաստանի կողմից ողջունվել է: Շատ ոլորտներ կան, որոնց մասին կարելի է և՛ բարձրաձայն խոսել, և՛ բարձրաձայն չխոսել: Մենք այս խոսակցությունը զարգացնելու ենք. նախատեսվում են բարձրաստիճան այցեր: Ես նաև առաջիկա օրերին այցելելու եմ Հնդկաստան: Հնդկաստանի հետ մեր համագործակցության մասին շատ ավելի տեղեկություններ են հայտնի հանրությանը»: