Մենք չենք պնդում, որ ռազմական գործողությունները սկսվել են միայն ՀՀ-ի սխալների արդյունքում. Սերժ Սարգսյանը՝ BBC- ին
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում հարցազրույց է տվել BBC- ի նկարահանող խմբին: Հարցազրույցի ժամանակ նա անդրադարձել է պատերազմին, Նիկոլ Փաշինյանին և խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:
ՀՀ երրորդ նախագահը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ցանկությունն ու հաշտեցման գործընթացը ստիպել էին իրեն մնալ իշխանության 2018-ին՝ նախագահի երկրորդ ժամկետից հետո:
Նրա խոսքով, սակայն, 2018-ի զանգվածային բողոքի ցույցերը, ավարտվեցին իր հրաժարականով և Փաշինյանի իշխանության գալով:
Սարգսյանը նշեց, որ չի պաշտպանում Ղարաբաղի կանխամտածված հանձնման վերաբերյալ տեսությունները և տեղի ունեցածը համարում է ոչ թե ստոր ծրագիր, այլ կոպիտ սխալների և հիմարության արդյունք:
՛՛Մենք չենք պնդում, որ ռազմական գործողությունները սկսվել են միայն և միայն Հայաստանի սխալների արդյունքում: Ոչ, Ադրբեջանը միշտ ցանկացել է հարցը լուծել ռազմական ճանապարհով՛՛,-ասել է Սերժ Սարգսյանը:
Միևնույն ժամանակ նա 2020թ-ի սեպտեմբերին նոր պատերազմի բռնկմանը միջազգային հանրության կողմից կոշտ արձագանքի բացակայության պայմաններում մասամբ մեղադրել է Փաշինյանին: Սարգսյանը դա կապում է նոր կառավարության կոպիտ արտաքին քաղաքական սխալների հետ, որի ողնաշարը լիբերալ ակտիվիստներն էին ՝ ՛՛առանց պետական և դիվանագիտական ծառայության փորձի՛՛:
ՀՀ երրորդ նախագահը նշել է. ՛՛Նրանք բանակցությունները տարան փակուղի՝ հայտարարելով, որ հակամարտությունը պետք է լուծվի ՛՛արդարության սկզբունքի՛՛ հիման վրա, այլ ոչ թե նախկինում հաստատված շրջանակի՛՛: